Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հարավային Օսիայի նախագահ Լեոնիդ Տիբիլովին` Անկախության օրվա առթիվ:
Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ ուղերձում, մասնավորապես, ասված է. - «Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ և Հարավային Օսիայի ողջ ժողովրդին` Անկախության 26-րդ տարեդարձի կապակցությամբ: Հարավային Օսիան մեզ համար հանդիսանում է եղբայրական պետություն, որի հետ մենք ունենք շատ ընդհանրություններ պատմության, մշակույթի և մեր ժողովուրդների ավանդույթների մեջ: Արցախում բարձր են գնահատում ձեր բարեկամությունը: Անկախ պետականության կերտման ընթացքում Հարավային Օսիայի ժողովուրդն անցել է դժվարին ու փառավոր ուղի՝ ցուցաբերելով իսկական տոկունության և հերոսության օրինակ»:
Լեռնային Ղարաբաղի նախագահը Հարավային Օսիային մաղթել է խաղաղություն, բարգավաճում և հետագա հաջողություններ: