Սեպտեմբերի 18-ին Թեհրանում կայացել են Հայաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցություններ:
Հայաստանի արտգործնախարարության փոխանցմամբ, հայկական պատվիրակությունը գլխավորել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, իրանականը՝ Իրանի արտաքին գործերի նախարարի Ասիայի, Օվկիանիայի և ԱՊՀ հարցերով տեղակալ Էբրահիմ Ռահիմփուրը:
Քննարկվել են հայ-իրանական հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված հարցերի լայն շրջանակ: Կողմերն ընդգծել են տարածաշրջանում անվտանգության և կայունության պահպանման անհրաժեշտությունը:
Հայաստանի արտգործնախարարության փոխանցմամբ, հատուկ ուշադրություն է դարձվել երկկողմ և բազմակողմ տնտեսական ծրագրերի իրականացման խնդիրներին: Քննարկվել են իրավապայմանագրային, մշակութային և հումանիտար ոլորտներում, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությանն առնչվող հարցեր:
Շավարշ Քոչարյանը հանդիպել է նաև Իրանի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Մորթեզա Սարմադիի հետ: Հանդիպման ընթացքում ամփոփվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ քննարկումները և նախանշվել հետագա անելիքները: