Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը այսօր Բիշքեկում մասնակցել և ելույթ է ունեցել ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին, որն ընթանում էր կազմակերպության 25-ամյակի շրջանակներում:
Նիստի օրակարգում ընդգրկված էին կազմակերպության գործունեության արդյունավետության բարձրացման, արդի իրողություններին կառույցի արդիականացման հետ կապված հարցեր, ասված է Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդագրությունում:
ԱՊՀ անդամ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձել են մշակութային, կրթական, իրավապահպանության, արտակարգ իրավիճակների, կիբերանվտանգության ոլորտներում համագործակցության սերտացման հարցերին:
Նիստին մասնակիցները քննարկել և հավանության են արժանացրել մեկ տասնյակից ավելի փաստաթղթերի նախագծեր, այդ թվում` ԱՊՀ 25-ամյակի և մի շարք այլ հարցերի վերաբերյալ ԱՊՀ երկրների ղեկավարների կողմից ընդունվելիք հայտարարությունների տեքստերը:
Որոշվել է ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի հաջորդ նիստը գումարել 2017 թվականի ապրիլին Տաշքենդում։
Հիշեցնենք՝ ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով այսօր Ղրղըզստան է մեկնել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: