Մատչելիության հղումներ

«Ալիևի կլանը ցանկանում է առհավետ իշխել»


Իլհամ Ալիևի ընտանիքը, արխիվ:
Իլհամ Ալիևի ընտանիքը, արխիվ:

Սահմանադրական հանրաքվեն Ադրբեջանում տեղի կունենա սեպտեմբերի 26-ին:

Հանրաքվեին նախորդող այս ժամանակաշրջանում Իլհամ Ալիևի վարչակարգը մե՛րթ բերման է ենթարկում ընդդիմադիրներն, մե՛րթ ազատ է արձակում նրանցից մի քանիսին:

Սեպտեմբերի 9-ին բանտից դուրս է եկել «Հանրապետական այլընտրանքային շարժում» ընդդիմադիր կազմակերպության ակտիվիստ Նաթիկ Ջաֆարլին, ով օգոստոսի 12-ին էր կալանավորվել: Բայց շարժման առաջնորդ Իլգար Մամադովը կալանավայրում է:

Ռեժիմն ուշի-ուշով հետևում է ընդդիմության բոլոր քայլերին և հարկ եղած դեպքում անմիջապես մեկուսացնում է անցանկալի մարդկանց:

Երեկ Բաքվում տեղի է ունեցել «Ո՛չ միապետությանը, ո՛չ թալանին» կարգախոսով բողոքի ցույց, որի մասնակիցները կրել են «Ազատություն քաղբանտարկյալներին» և «Թագավոր չենք ուզում, մենք ստրուկ չենք» գրություններով պաստառներ: Ալիևի կլանը, ըստ ընդդիմադիրների, «ցանկանում է առհավետ իշխել»:

Ցույցը նախաձեռնել են Դեմոկրատական ուժերի ազգային խորհուրդը, Մահմեդական միասնություն շարժումը և Ադրբեջանի մահմեդական կուսակցությունը: Ակցիան համաձայնեցվել է իշխանության հետ, որն ընդդիմադիրներին թույլատրել է այն անցկացնել Բաքվի Յասամալի շրջանի մարզական համալիրի տարածքում: Բողոքի արտոնված մյուս հանրահավաքը տեղի կունենա սեպտեմբերի 17-ին:

Հիշեցնենք, որ բարեփոխումների փաթեթը կազմել և ներկայացրել է հենց Իլհամ Ալիևը: Այն նախատեսում է նախագահի պաշտոնավարման ժամկետը ներկայիս 5 տարուց 7-ի հասցնելու դրույթ, նախագահին տալիս է խորհրդարանը լուծարելու և նախագահական արտահերթ ընտրություններ նշանակելու իրավունք: Սահմանվում են առաջին փոխնախագահի և փոխնախագահների պաշտոններ, և այդ պաշտոնյաներին նշանակում ու ազատում է գործող նախագահը:

Ըստ լրամշակումների, իջեցվում է նախագահի թեկնածուի նվազագույն տարիքային շեմը, բացի այդ, կա դրույթ, որի համաձայն, եթե նախագահն ի զորու չէ կատարել պարտականությունները, նրա լիազրությունները՝ առանց վաղաժամկետ ընտրությունների, փոխանցվում են առաջին փոխնախագահին:

Վերլուծաբանները հիշեցնում են, որ Իլհամ Ալիևի նախագահական երրորդ ժամկետն ավարտվում է 2018 թվականին: Եթե նա առաջադրվի չորրորդ անգամ, ինչի իրավունքն արդեն ունի, ապա կպաշտոնավարի մինչև 2025 թվականը: Իսկ այդ ժամանակ նրա որդին, ով կրում է լեգենդար պապի անունը՝ Հեյդար Ալիև կրտսերը, արդեն կլինի 28 տարեկան, ուստի իրավունքի տեսակետից կունենա նախագահ առաջադրվելու հնարավորություն:

Սոսկ տեսականորեն սահմանադրական հանրաքվեն կարող է տապալվել, և այդ դեպքում ուժի մեջ կմնա գործող դրույթը, որի համաձայն, նախագահության թեկնածուն պետք է լինի առնվազն 35 տարեկան, բայց գործնականում այդ երկրում իշխանության ներկայացրած որևէ առաջարկի օգտին տրվում է քվեների 90-95 տոկոսը: Համենայն դեպս, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ամփոփիչ փաստաթղթերը վկայում են ժողովրդի գերիշխող աջակցության մասին:

Զգուշավոր Ալիևը ցանկանում է ապահովագրվել ցանցակած վտանգից․ եթե ինչ-ինչ պատճառներով կրտսեր Հեյդար չցանկանա կամ չկարողանա առաջադրվել, իշխանությունը կարող է շարունակել Իլհամի դստրերից մեկը՝ Արզուն կամ Լեյլան:

Թեպետ, ինչպես «Ռոսբալտ» կայքում հրապարակած վերլուծությունում նշում է փորձագետ Իրինա Ջորբենաձեն, «Արևելքը մնում է Արևելք, և այստեղ նախագահի պաշտոնում տղամարդն ավելի է ընկալվում և ընդունվում, քան կինը»:

Ադրբեջանական մամուլը, որն իր էությամբ հիմնականում խիստ իշխանամետ է, պնդում է, թե բողոքի ակցիաների հովանավորն Արևմուտքն է, որը ցանկանում է ապակայունացնել վիճակը երկրում: Ինչպես անդրկովկասյան մեկ այլ հանրապետությունում են իշխանամետ և ռուսամետ շրջանակները պնդում, բողոքի ակցիաների մասնակիցները «գրանտակերներ են, ովքեր վճարվում են արևմտյան, նախևառաջ ամերիկյան տարբեր ֆոնդերից»:

Փորձագետները սահմանադրական հանրաքվեի մեկ այլ նպատակ էլ են նշում. գուցե Ալիևն այս փոփոխությունները նախաձեռնում է ոչ միայն գերդաստանի հավերժ իշխանությունն ապահեվելու համար: Նախագահը չի վստահում ընդդիմությանը, ինչն ինքնին հասկանալի է, բայց նա առանձնապես մեծ վստահություն չունի նաև իր աջակիցների, այդ թվում Միլի Մեջլիսում իշխող «Ենի Ազերբայջան» («Նոր Ադրբեջան») կուսակցության նկատմամբ, և գուցե նրանց է՛լ ավելի վտանգավոր է համարում:

Փոփոխված սահմանադրությամբ նա կկարողանա լուծարել խորհրդարանը, որտեղ հավաքվել են քաղաքական և տնտեսական տարբեր, ընդ որում՝ հետզհետե ավելի դժվար կառավարվող կլաններ, որոնք ի զորու են վնաս հասցնել Ալիևին, քանի որ կարող են տուժել սահմանադրական փոփոխություններից:

Հավանաբար Ալիևը կփորձի ձևավորել միանգամայն նոր թիմ՝ ընթացքում ազատվելով արդեն չափից շատ լկտիացած ագահ հին թիմակիցներից: Ի դեպ, ըստ փորձագետների, «նոր աղմկահարույց ձերբակալությունները հանրությանը կներկայացվեն որպես կոռուպցիայի դեմ հետևողական պայքարի վառ ապացույց»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG