Մատչելիության հղումներ

Օհանյան. «Կարապետյանն իր ամբողջ ներուժը կներդնի մեր կառավարությունը ղեկավարելու համար»


Վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրաժարականից հետո, ձևավորվելիք նոր կառավարությունում տեսնում են արդյո՞ք իրենց հին կառավարության անդամները։

Լրագրողների հարցին այսօր պատասխանել են առողջապահության նախարարի պաշտոնակատար Արմեն Մուրադյանն ու պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանը։

Արմեն Մուրադյան
Արմեն Մուրադյան

«Քաղաքական պրոցեսներ են, և մենք պետք է կատարենք մեր աշխատանքը՝ պաշտոնավարենք, մինչև նոր կառավարություն ձևավորվի, և, անշուշտ, կարծում եմ, որ այդ ընթացքում պետք է բոլոր հնարավոր մեր ջանքերը գործադրենք, որ որևիցե ծրագիր, որը ձեռնարկել էր նախորդ կառավարությունը, չտապալվի, շարունակվի և նոր կառավարությունը, որը կձևավորվի, իհարկե, այդ կառավարությանը մենք պետք է մեր ծրագրերը ներկայացնենք, իսկ թե ո՞վ կլինի այդ ծրագրերը իրականացնողն, արդեն կառավարություն ձևավորողը կորոշի», - ասաց Մուրադյանը։

Սեյրան Օհանյանն էլ նշեց. - «Մենք բոլորս գիտենք, թե ինչպես է ձևավորվում կառավարությունը։ Սպասենք ձևավորմանը»։

Հարցի, թե վարչապետի հրաժարականը անակնկա՞լ էր իր համար և արդյո՞ք նրա հրաժարականի անհրաժեշտությունը կար, Օհանյանը պատասխանեց. - «Ես գտնում եմ, որ յուրաքանչյուր անձ իր գործունեության համար է պատասխանատու և Հայաստանի Հանրապետության վարչապետը՝ Հովիկ Աբրահամյանը, իր ելույթի ժամանակ ամեն ինչի մասին խոսեց»։

Անդրադառնալով հարցին, թե Կարեն Կարապետյանը կկարողանա՞ լուծել տնտեսության առջև ծառացած խնդիրները, Սեյրան Օհանյանը պատասխանեց. - «Նա մեր հայ իրականության համար նոր անձ չէ, նա իր կյանքի մեծ մասն անց է կացրել Հայաստանի Հանրապետությունում և, կարծում եմ, որ իր ամբողջ ներուժը կներդնի մեր կառավարությունը ղեկավարելու համար»։​

Սեյրան Օհանյանն անդրադարձավ նաև ղարաբաղյան հակամարտության շուրջ ընթացող բանակցային գործընթացին։ Հայաստանի ակնկալիքը, նրա խոսքով, հարցին` խաղաղ լուծում գտնելն է։ «Կարծում եմ, որ մեր դիվանագիտության համար պատասխանատու են համապատասխան կառույցները և նրանք խորությամբ տիրապետում են և՛ բանակցային ողջ գործընթացին, և՛ հանդիպումներին։ Մեր ակնկալիքը մեկն է, որ մեր առաջադրված տարբերակը կատարվի, այսինքն, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդիրը լուծվի միայն ու միայն քաղաքական, խաղաղ պայմաններում, երկխոսության միջոցով, փոխադարձ համաձայնությունների և, ամենակարևորը, վստահության մթնոլորտի ձևավորման շրջանակներում»։

Միաժամանակ, պաշտպանության նախարարի պաշտոնակատարի համոզմամբ, ապրիլյան քառօրյա պատերազմից հետո ակնհայտ դարձավ, որ շփման գծում վստահության մթնոլորտի ձևավորումը Ադրբեջանը մերժում է, իսկ առանց դրա, հարցի կարգավորումը դժվար է պատկերացնել։

«Մինչև վստահության մթնոլորտ չլինի, մենք չենք կարող խոսել փոխադարձ համաձայնությունների մասին։ Այս պահին, եթե Արցախի ժողովրդին և Արցախին մի բան պատահի, յուրաքանչյուր թիզ հողի համար մենք պայքարելու ենք», - ասաց Օհանյանը։

Վերջին օրերին, սակայն սեյրան Օհանյանի հավաստմամբ, շփման գծում լարվածության միտում չկա։ Կրակոցները միայն հրաձգային զինատեսակներից են, ծանր հրետանի չի կիրառվում։ Հայկական կողմն անհրաժեշտության դեպքում պատասխանում է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG