Մատչելիության հղումներ

ՀՔԾ. Սարի թաղում 4 անձինք խոչընդոտել են լրագրողի մասնագիտական գործունեությունը


Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) տեղեկացնում է, որ 2016 թվականի հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Երևան քաղաքի Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ քաղաքացիներ Սեյրան Կարապետյանը, Վլադիմիր Մխիթարյանը, Դավիթ Սարգսյանն ու Կարեն Գրիգորյանը կատարել են բռնության գործադրմամբ զուգորդված խուլիգանություն և խոչընդոտել լրագրող Ալբերտ Գալստյանի մասնագիտական օրինական գործունեությանը:

«Մասնավորապես՝ քաղաքացիներ Սեյրան Կարապետյանը, Վլադիմիր Մխիթարյանը, Դավիթ Սարգսյանն ու Կարեն Գրիգորյանը 2016 թվականի հուլիսի 29-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, գտնվելով Սարի թաղում և շրջապատի մարդկանց նկատմամբ իրենց առավելությունը ընդգծելու, մյուսներից իրենց անձը վեր դասելու խուլիգանական դրդումներով, վեճի են բռնվել նույն վայրում գտնված անձանց հետ, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգն ու բացահայտ անհարգալից վերաբերմունք արտահայտելով փողոցում հավաքված հասարակության նկատմամբ, տևական ժամանակ բարձրաձայն հայհոյանքներ են տվել և բռնություն գործադրել նշված անձանց նկատմամբ՝ ձեռքերով ու ոտքերով հարվածներ են հասցրել նրանց՝ անտեսելով իրենց կարգի հրավիրող այնտեղ հավաքված անձանց հորդորները», - ասված է հաղորդագրությունում:

ՀՔԾ-ն նաև նշում է. - «Այդ ընթացքում խմբով խուլիգանություն կատարած հիշյալ անձինք տեսել են, որ լրագրողական անվանաքարտ (բեյջ) կրող լրագրող Ալբերտ Գալստյանը տեսանկարահանում է իրենց վերը նշված գործողությունները: Հիշյալ անձինք հարձակվել են լրագրողի վրա, պահանջել, որ վերջինս չտեսանկարահանի իրենց, ապա Վլադիմիր Մխիթարյանը Ալբերտ Գալստյանի ձեռքից խլել է «Պանասոնիկ» ապրանքանիշի տեսախցիկը, որից հետո վերջինիս գցել են գետնին և սկսել ոտքերով ու ձեռքերով հարվածներ հասցնել լրագրողի մարմնի տարբեր մասերին` պատճառելով մարմնական վնասվածքներ: Այնուհետև նկատելով մոտեցող ոստիկանության աշխատակիցներին, դիմել են փախուստի՝ իրենց հետ տանելով տուժողից վերցված տեսախցիկը՝ դրանում առկա իրենց վերաբերյալ տեսաձայնագրությունը վերացնելու նպատակով»:

Ծառայությունը տեղեկացնում է, որ հայտնաբերվել է լրագրողից վերցված «Պանասոնիկ» ապրանքանիշի տեսախցիկը:

Սեյրան Կարապետյանին, Վլադիմիր Մխիթարյանին, Դավիթ Սարգսյանին ու Կարեն Գրիգորյանին մեղադրանքներ են առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից) և 164-րդ հոդվածի 1-ին մասով (լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը կամ նրան տեղեկություններ տարածելուն կամ տարածելուց հրաժարվելուն հարկադրելը):

Մինչդատական վարույթում վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

«Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է հիշյալ քրեական գործից անջատված մասի՝ խմբով խուլիգանություն կատարած ու լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտած 4 անձանց վերաբերյալ գործի նախաքննությունը: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար», - ասված է ՀՔԾ հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG