Մատչելիության հղումներ

Թրամփ - Քլինթոն բանավեճի գլխավոր թեման դառնում է ազգային անվտանգությունը


Միացյալ Նահանգներում երկու ամսից կայանալիք նախագահական ընտրությունների գլխավոր թեման դառնում է ազգային անվտանգությունը, ոլորտ, որտեղ երկու թեկնածուներն էլ վստահ են՝ մրցակիցը կձախողի:

Թրամփը փորձ չունի՝ հայտարարում է դեմոկրատ Հիլարի Քլինթոնը, հանրապետական միլիարդատերն էլ հակադարձում է՝ Քլինթոնի ունեցածը միայն վատ փորձառություն է՝ նա աղետալի որոշումներ է կայացրել պետքարտուղարի պաշտոնում:

«Քլինթոնի ցանկությամբ Իրանի հետ կնքված գործարքը ամենավատերից մեկն է, որ ես երբևէ տեսել եմ: Իրաքում մենք պետք է թողնեինք մի փոքր զորախումբ՝ չարեցինք: Արդյունքում «Իսլամական պետությունն» օգտվեց ստեղծված քաոսից, Օբամայի, Քլինթոնի հիմար որոշումների թուլությունից ու ընդարձակեց իր վերահսկողությունը: Ռուսաստանի հարցում Քլինթոնը սիրում է կոշտ ձևանալ, մինչդեռ Պուտինը նայում է նրան ու ծիծաղում, քանի որ Քլինթոնի ընդունած բոլոր որոշումներն էլ ձախողված են», - ասել է Թրամփը:

Նա կրկին պնդել է՝ գերտերությունների առաջնորդները հիմա լուրջ չեն վերաբերվում Նահանգներին գործող վարչակազմի թույլ տված սխալների պատճառով: - «Մինչդեռ, մենք պետք է համագործակցենք այլոց հետ, և շատ լավ կլիներ, եթե Ռուսաստանն ու մյուսները մեր դաշնակիցները լինեին «Իսլամական պետության» դեմ կարևոր հարձակումներում», - հայտարարել է հանրապետական թեկնածուն:

«Թրամփը անառողջ համակրանք է տածում բռնապետների հանդեպ, այդ թվում՝ Վլադիմիր Պուտինի», - իր հերթին հայտարարում է նախկին պետքարտուղարը՝ ընդգծելով՝ Թրամփի հայտարարությունները մեկը մյուսից վտանգավոր են․ - «Թրամփի մտքերի հետևից հասնելու համար տառացիորեն հարկավոր է ջնջել քարտեզը: Նա ասում է՝ հարկավոր է թույլ տալ, որ Սիրիան «Իսլամական պետության» համար ազատ գոտի դառնա: Դոնա՛լդ, քարտեզին նայիր: Ասում է՝ հարկավոր է այնտեղ ամերիկյան զորք ուղարկել: Ես դա թույլ չեմ տա: Նա խոսում է նույնիսկ միջուկային զենքի մասին ու պնդում, թե իրեն չի հուզում՝ կունենան արդյոք այլ երկրներ միջուկային սպառազինություն, թե ոչ: ասում է՝ ունի «Իսլամական պետությանը» հաղթելու գաղտնի ծրագիր, սակայն, ամբողջ գաղտնիքն այն է, որ նա ոչ մի ծրագիր էլ չունի»:

Մրցակիցների բանավեճը էլ ավելի կսրվի այսօր երեկոյան, երբ Քլինթոնն ու Թրամփը կմասնակցեն իրաքյան ու աֆղանական պատերազմի վետերանների կազմակերպած՝ ազգային անվտանգությանը նվիրված համաժողովին: Ակնկալվում է, որ մրցակիցները կներկայացնեն Միացյալ Նահանգների պաշտպանությունը առավել հզոր ու արդյունավետ դարձնելու իրենց ծրագրերը՝ պատերազմի մասնակիցների առջև քննություն հանձնելով զինված ուժերի ղեկավարման համար: Ի դեպ, միևնույն քննարկմանը մասնակցելով՝ նախագահության թեկնածուները դեմ առ դեմ չեն հանդիպելու, նրանց միջև առաջին ուղիղ բանավեճը տեղի կունենա այս ամսվա վերջին Նյու Յորքում:

Մինչ այդ, սոցիոլոգիական վերջին հարցումները փաստում են, որ Միացյալ Նահանգների նախագահի ընտրություններից վեց շաբաթ առաջ միլիարդատեր գործարարի վարկանիշը աննշան, բայց արդեն գերազանցել է նախկին պետքարտուղարին: Ըստ CNN-ի, այսօր Թրամփին պատրաստ է ձայն տալ ամերիկացիների 45, Քլինթոնին՝ 43 տոկոսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG