Մատչելիության հղումներ

Փաստաբանը դատի է տվել Գլխավոր դատախազությանը «Սասնա ծռեր»-ի հարցով


Տիգրան Հայրապետյան
Տիգրան Հայրապետյան

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր հետաձգեց գլխավոր դատախազի և նրա ղեկավարած կառույցի դեմ ներկայացված բողոքի քննությունը։ Փաստաբան Տիգրան Հայրապետյանը գլխավոր դատախազին մեղադրում է «Սասնա ծռեր»-ի և նրանց աջակցելու մեղադրանքով կալանավորված Կարո Եղնուկյանի գործով անգործություն ցուցաբերելու մեջ։

Գլխավոր դատախազության ներկայացուցիչը նիստին չէր եկել: Դատավորն ասաց, որ այս հարցով կդիմեն գլխավոր դատախազի պաշտոնակատարին:

«Ազատության» հետ զրույցում փաստաբանն ասաց, որ դեռ հուլիսին նախկին դատախազ Գևորգ Կոստանյանը հայտարարել էր, որ Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրաված զինված խմբի անդամները զենքը վայր դնեին և հանձնվեին, ապա նրանց պատասխանատվությունը կմեղմացվեր, մինչդեռ, ըստ Հայրապետյանի, այդ հայտարարությունը մոռացվեց։

«Եթե զենքերը վայր են դրվել, արդյոք «Սասնա ծռեր»-ի տղաների նկատմամբ, կարող է առաջադրվել 218 հոդված՝ պատանդներ պահել, կամ 219 հոդված՝ շենք-շինություններ զավթել և պահելու հանցակազմերը այն պարագայում, երբ որ հենց գլխավոր դատախազն է հայտարարել, առաջարկել՝ զենքերը վայր դնել, պատանդներին ազատ արձակել և դուք ազատվում եք քրեական պատասխանատվությունից», - ասաց Հայրապետյանը:

Այժմ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը հուլիսի 28-ին «Շանթ» հեռուստաընկերության եթերում խոսել էր «Սասնա ծռեր»-ի անդամներին առաջադրված մեղադրանքների մասին և շեշտել, որ Հայաստանի օրենսդրությամբ՝ զենքերը վայր դնելու և պատանդներին ազատ արձակելու դեպքում նրանց հանդեպ իրավական գնահատականը կմեղմացվի:

«Երբ որ կամովին հրաժարվում ես հանցագործությունից, այսինքն՝ պատանդներին բաց ես թողնում՝ 218 հոդվածի պայմաններում, երկրորդ՝ շենքեր, շինությունները զավթելու պայմաններում, երբ որ կամովին հանձնում ես և հրաժարվում ես, երկու դեպքում էլ գործում է խրախուսական նորմը, և անձը ենթակա չէ քրեական պատասխանատվության», - ասել էր Գևորգ Կոստանյանը:

Փաստաբան Հայրապետյանը պնդում է, որ գլխավոր դատախազի պաշտոնակատար Արմեն Հարությունյանը անգործություն է ցուցաբերում։ Դատարան դիմել է, որպեսզի Հարությունյանին ստիպեն պատասխանել միջնորդություններին և ի վերջո ասել՝ ընդունո՞ւմ է արդյոք նախկին դատախազի հայտարարությունները։

Տիգրան Հայրապետյանը «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Կարո Եղնուկյանի պաշտպանն է: Նրա խոսքով՝ կալանավորված Եղնուկյանին ազատ արձակելու համար է նաև դատարան դիմել, քանի որ գործերը կապված են։

Եղնուկյանը մեղադրվում է «Սասնա ծռեր»-ին աջակցելու մեջ, բայց եթե զինված խմբի անդամների մեղադրանքը մեղմացվի, ապա Եղնուկյանի մեղադրանքը, ըստ փաստաբանի, կկարճվի, քանի որ եթե չլինի հանցագործության մեղադրանք, ապա դրան աջակցելու մեղադրանք չի կարող լինել:

«Մեր օրենսդրությունը հենց այդպիսի նորմ է նախատեսում, խրախուսման նորմ, որ գլխավոր դատախազը շատ լավ բացատրեց, այո, եթե անձը հանցագործությունը մինչև վերջ չի կատարում, իր կամքով հետ է կանգնում կատարելուց, նշանակում է չկա էդտեղ հանցագործություն», - ընդգծեց փաստաբանը:

Նիստի ընթացքում Հայրապետյանը նաև միջնորդեց, որ հաջորդ նիստին մասնակցի նաև իր պաշտպանյալ Կարո Եղնուկյանը, դատարանը բավարարեց միջնորդությունը: Սեպտեմբերի 16-ին կայանալիք նիստին Եղնուկյանը դատարան կբերվի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG