Մատչելիության հղումներ

Եվրախորհրդարանի առանցքային հանձնաժողովը կողմ է ԵՄ-Վրաստան վիզային ռեժիմի ազատականացմանը


Եվրամիության դրոշը Բրյուսելում Եվրախորհրդարանի շենքի առջև, արխիվ
Եվրամիության դրոշը Բրյուսելում Եվրախորհրդարանի շենքի առջև, արխիվ

Վրաստանը ևս մեկ քայլով մոտեցավ Եվրամիության հետ ազատ վիզային ռեժիմի հաստատմանը:

Երկուշաբթի երեկոյան Եվրոպական խորհրդարանի քաղաքացիական ազատությունների, արդարադատության և ներքին գործերի հանձնաժողովը քվեների 44 կողմ, 5 դեմ հարաբերակցությամբ հաստատեց Բուլղարիան ներկայացնող պատգամավոր Մարիա Գաբրիելի զեկույցը, որում տեղ գտած առանցքային առաջարկներն են` ընդգրկել Վրաստանի հետ ազատ վիզային ռեժիմի հաստատման հարցը Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստի օրակարգում, ինչպես նաև խորհրդակցել Եվրամիության ղեկավար մարմնի` ԵՄ խորհրդի հետ` հարցի վերջնական լուծմանը հասնելու նպատակով:

«Վրաստանը կատարել է ստանձնած բոլոր պարտավորությունները և վիզային ռեժիմի ազատականացման մեկնարկի ժամկետները հետաձգելու որևէ պատճառ այս պահին գոյություն չունի», - հայտարարում էր Վրաստանի հարցով զեկուցողը:

Եվրամիության հարևանության և ընդարձակման հարցերով հանձնակատար Յոհանես Հանն էլ Եվրոպական խորհրդարանում կայացած քվեարկությունից անմիջապես հետո Twitter-ի իր էջում գրեց․ - «Ողջունում եմ եվրոպացի խորհրդարանականների դրական քայլը: Հուսով եմ, որ Եվրամիության խորհուրդը Վրաստանի քաղաքացիների շահերից բխող շուտափույթ որոշում կկայացնի»:

Այս պահին դեռ հստակ չէ, թե երբ է Եվրամիության բարձրագույն օրենսդիր մարմինը քննարկելու այս հարցը: Եվրոպական խորհրդարանի առաջիկա լիագումար նիստերը կայանալու են սեպտեմբերի 12-15-ը: Դրանց օրակարգում, սակայն, Վրաստան-Եվրամիություն վիզային ռեժիմի ազատականացման հարցն ընդգրկված չէ: Այսպիսով, ըստ վրացական աղբյուրների, Եվրախորհրդարանը Վրաստանի քաղաքացիներին Շենգենյան համաձայնագրի տարածք ազատ մուտք գործելու հնարավորություն ընձեռելու հարցը լավագույն դեպքում կարող է քննարկել հոկտեմբերի սկզբին: Այսպիսով, Վրաստանի կառավարության որոշ ներկայացուցիչների հույսերը, թե երկրի քաղաքացիներին Եվրամիության տարածք ազատորեն մուտք գործելու հնարավորություն կտրվի դեռ մինչև հոկտեմբերի 8-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունները, կարծես չեն արդարանում:

«Շատ կարևոր է, որ վիզային ռեժիմի ազատականացման օգտին հանդես եկան Եվրախորհրդարանում ներկայացված բոլոր առաջատար կուսակցությունները, ինչին մենք հասել ենք բավական հետևողական աշխատանքի շնորհիվ: Հարկ է նկատել, որ այս հարցը Վրաստանում կայանալիք ընտրությունների հետ ընդհանրապես չի շաղկապվում: Մենք հստակ աջակցության ուղերձ ստացանք, և այս փուլում ամենակարևորը խնդրի շուրջ տիրող դրական տրամադրություններն են: Այդ ամենից ելնելով՝ սպասենք համապատասխան գործողությունների ավարտին», - լրագրողների հետ զրույցում այսօր նշում էր Եվրամիության հետ հարաբերությունների գծով նախարար Դավիթ Բաքրաձեն:

Արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեի խոսքով ևս՝ Եվրախորհրդարանի քաղաքացիական ազատությունների, արդարադատության և ներքին գործերի հանձնաժողովի կայացրած որոշումը Թբիլիսիի գործադրած հետևողական ջանքերի արդյունք է:

«Մենք ողջունում ենք Եվրոպական խորհրդարանի հանձնաժողովում կայացած քվեարկության արդյունքները: Դրանք ևս մեկ անգամ վկայում են, որ [Եվրամիությունը] աջակցում է թե՛ Վրաստանում իրականացվող բարեփոխումներին և թե՛ մեր երկրի հետ վիզային ռեժիմի ազատականացման գաղափարին», - հայտարարեց Ջանելիձեն:

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին էլ այս հարցով հնչած թերևս ամենակտրուկ հայտարարության հեղինակը դարձավ` այսօր Թբիլիսիում մեկնարկած միջազգային համաժողովի շրջանակում պնդելով, թե վիզային ռեժիմի ազատականացման հարցում իր երկիրը շատ ավելի գրագետ էր գործում, քան Եվրամիությունը:

«Եթե անկեղծ խոսելու լինենք, ապա ակնհայտ է` Եվրամիության հետ համագործակցության առումով մենք շատ ավելի կազմակերպված ենք գործել, քան եվրոպացիները», - պնդում էր Մարգվելաշվիլին:

Վրաստանի հետ ազատ վիզային ռեժիմի հաստատման դեպքում այս երկրի քաղաքացիներին հնարավորություն կտրվի Շենգենյան համաձայնագրին մաս կազմող Եվրամիության անդամ պետություններ առանց վիզաների մուտք գործել 90 օր ժամկետով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG