Մատչելիության հղումներ

Նալբանդյան. Վաղուց ժամանակն է ՀՀ-ԵՄ երկխոսություն սկսել վիզային ռեժիմի ազատականացման շուրջ


ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան, արխիվ
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան, արխիվ

Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը այսօր Բրատիսլավայում մասնակցել է Եվրոպական միության անդամ և Արևելյան գործընկերության մասնակից երկրների արտգործնախարարների հանդիպմանը, որին ներկա էին նաև ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին, Հարևանության և ընդլայնման հարցերով ԵՄ հանձնակատար Յոհանես Հանը։

Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ, ելույթ ունենալով նախարարական հանդիպմանը՝ Նալբանդյանը մասնավորապես նշել է. - «Հաջողությամբ տեղի են ունեցել Հայաստան - ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունների 4 փուլ: Հաջորդ փուլը տեղի կունենա այս ամիս, և ակնկալում ենք մոտ ապագայում ավարտին հասցնել բանակցությունները»։

Ռիգայի գագաթնաժողովից հետո ընկած ժամանակահատվածում Հայաստանը միացել է Եվրոպական միության մի շարք ծրագրերի՝ «ԿՈՍՄԵ» և «Հորիզոն 2020»: Մենք ակնկալում ենք այս տարվա ընթացքում դառնալ «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի անդամ և սկսել Ընդհանուր ավիացիոն գոտու համաձայնագրի վերաբերյալ բանակցությունները, ասել է Հայաստանի ԱԳ նախարարը:

Անդրադառնալով մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացմանը` Էդվարդ Նալբանդյանն ընդգծել է. - «Մենք ողջունում ենք Սլովակիայի նախագահության և ԵՄ անդամ երկրների մտադրությունը` առանձնահատուկ ուշադրություն դարձնել մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման գործընթացին։ Մենք կարծում ենք, որ վաղուց եկել է ժամանակը Հայաստանի հետ սկսել վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսությունը»։

Խոսելով Հայաստանում բարեփոխումների մասին՝ արտգործնախարարը, պաշտոնական հաղորդագրության համաձայն, շեշտել է, որ «ժողովրդավարական հաստատությունների ու հիմնարար ազատությունների ամրապնդմանն ուղղված բարեփոխումների շարունակությունը Հայաստանի համար առանցքային առաջնահերթություններ են, և այս առումով մենք բարձր ենք գնահատում տարիներ շարունակ Եվրոպական միության կողմից ցուցաբերվող աջակցությունը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG