Մատչելիության հղումներ

ՍԴ-ն մերժեց Վարուժան Ավետիսյանի և Պավլիկ Մանուկյանի դիմումը


Այսօր կեսօրին Սահմանադրական դատարանը մերժեց «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներ Վարուժան Ավետիսյանի և Պավլիկ Մանուկյանի դիմումը։

Ավետիսյանը և Մանուկյանը դեռևս այս տարվա մարտին անհատական դիմում էին ներկայացրել Սահմանադրական դատարան՝ խնդրելով պարզել, թե որքանով են Քրեական դատավարության օրենսգրքի 283-րդ հոդվածի 1-ին մասը և 288-րդ հոդվածի 3-րդ մասը համապատասխանում սահմանադրությանը։ Այս հոդվածները վերաբերում են դատարանների կողմից կալանքի որոշումները, ինչպես նաև միջնորդությունները դռնփակ նիստում քննելու կարգին։ Մոտ երկու ժամ քննելուց հետո Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը ընթերցեց դատարանի որոշումը․ - «Առաջին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 283-րդ հոդվածի առաջին մասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը, երկրորդ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ հոդվածի երրորդ մասը համապատասխանում է ՀՀ սահմանադրությանը»:

Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը շեշտեց, որ որոշումը վերջնական է և հրապարակման պահից ուժի մեջ է մտնում։ Նա նաև հավելեց, որ որոշման մեջ իրենց իրավական դիրքորոշումն են ներառել․ ըստ դրա դատական նիստը կարող է դռնփակ լինել, սակայն կասկածյալը կամ մեղադրյալը չպետք է զրկվի խոսելու իր իրավունքից․ - «Սահմանադրական դատարանի հիմնական իրավական դիրքորոշումներից մեկը, որը ուղղակիորեն արտահայտվել է որոշման մեջ, այն է, որ արդարադատական պրակտիկան պետք է ընթանա այն ուղղությամբ, որպեսզի կասկածյալը կամ մեղադրյալը ցանկության դեպքում չզրկվեն լսվելու՝ իրենց իրավունքից: Սրա երաշխավորումը արդարադատական պրակտիկան պետք է ապահովի»:

Ամիսներ առաջ այս դիմումը ներկայացրած «Սասնա ծռերի» անդամները վերջերս հենց դռնփակ նիստում էին կալանավորվել։

Ավետիսյանի և Մանուկյանի փաստաբան Դավիթ Գյուրջյանը «Ազատությանը» փոխանցեց, որ դռնփակ նիստեր անցկացնելու հարցը բողոքարկելու նպատակը անցած տարվա ապրիլի հետ է կապված, երբ «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման անդամները կալանավորվել էին զանգվածային անկարգություններ նախապատրաստելու համար։ Գյուրջյանն ասաց, որ թեև ՍԴ որոշման հիմնավորումները մի քանի օրից կստանան, բայց իր համար սա անակնկալ չէր: Նա վստահ է, որ իշխանությունները թույլ չեն տա դռնբաց նիստեր անցկացնել։

«Բերում են անհիմն միջնորդությունները հրամցնում են, դատարաններն էլ բավարարում են դրանք, և ուղղակի այդ ընթացակարգը չհրապարակայնացնելու համար պետք չէ, որպեսզի դռնբաց անցկացնեն այս նիստերը», - նշեց Գյուրջյանը:

Փաստաբանը տեղեկացրեց, որ նույն բովանդակությամբ մի դիմում էլ ներկայացրել են Եվրոպական դատարան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG