Մատչելիության հղումներ

Մեծ քսանյակի գագաթաժողովում կարող է տեղի ունենալ Պուտին - Օբամա հանդիպում


Սպիտակ տունը հայտնում է, որ գալիք շաբաթ Չինաստանում նախատեսված Մեծ քսանյակի հանդիպմանը հնարավոր է՝ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ոչ պաշտոնական հանդիպում ունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Սպիտակ տանը երեկ կայացած ասուլիսում ազգային անվտանգության հարցերով Օբամայիխորհրդականի տեղակալ Բեն Ռոդսը ասել է, որ հստակ չէ, թե արդյո՞ք Օբաման պաշտոնական հանդիպում կունենա Պուտինի հետ, սակայն նման բարձր մակարդակի գագաթաժողովների ընթացքում երկու առաջնորդները հաճախ են միմյանց հետ զրուցում:

«Մենք սովորաբար փորձում ենք հնարավորություն գտնել երկու առաջնորդների հանդիպման համար, և զրույցի ընթացքում սովորաբար ուշադրության կենտրոնում են լինում Սիրիայի և Ուկրաինայի հարցերը», - լրագրողներին ասել է Բեն Ռոդսը:

Օբաման սառն է վերաբերվում Պուտինին սկսած 2014 թվականից, երբ Ռուսաստանը բռնազավթեց Ղրիմը, բայց նա նաև աշխատում է ընդհանուր լեզու գտնել Ռուսաստանի հետ՝ վերջ տալու համար Սիրիայում արդեն հինգ տարի շարունակվող քաղաքացիական պատերազմին:

Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստաֆան դե Միստուրայի կարծիքով, ռուս-ամերիկյան բանակցությունները չափազանց կարևոր նշանակություն կունենան Սիրիայում հրադադար հաստատելու համար, այսօր Ժնևում ասել է բանագնացի խոսնակ Ջեսսի Չահենը:

Չինաստանում սեպտեմբերի 4-ից 5-ը անցկացվելիք աշխարհի 20 զարգացած երկրների ղեկավարների գագաթաժողովի շրջանակներում նախատեսված է Օբամայի հանդիպումը Թուրքիայի նախագահ Ռեջեփ էրդողանի հետ: Օբաման Էրդողանի հետ քննարկելու է Թուրքիայում հուլիսին տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո ստեղծված իրավիճակը, ռազմական գործողությունները «Իսլամական պետություն» խմբավորման դեմ, ինչպես նաև Սիրիայի կայունությանը աջակցելու ուղիները: Այս մասին նույնպես հայտնել է Բեն Ռոդսը:

Սպիտակ տունը դեմ է, որ թուրքական զորքերը Սիրիայի հյուսիսում մտնեն սիրիական դեմոկրատական ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքներ, քանի որ դա կխարխլի «Իսլամական պետություն» խմբավորման դեմ միասնական ճակատը: Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարթերը ասել է, որ Միացյալ Նահանգները ցանկանում է, որ Թուրքիան Սիրիայի հյուսիսում պայքարի բացառապես «Իսլամական պետություն» խմբավորման դեմ, մեկնաբանելով «Եփրատի վահան» գործողությունը, ասել է Պենտագոնի ղեկավարը:

Ֆրանսիայի նախագահը ևս քննադատել է Թուրքիայի գործողությունները Սիրիայի տարածքում:

«Չհամաձայնեցված միմյանց հակասող քայլերը կարող են սրել իրավիճակը», - հայտարարել է Ֆրանսուա Օլանդը:

Թուրքիայի իշխանությունները ձգտում են, որ քրդական զինված ուժերը չանցնեն Եփրատ գետից արևմուտք: Ցամաքային գործողություն սկսելով Սիրիայի տարածքում՝ Անկարան հայտարարեց, որ այն ուղղված է «Իսլամական պետություն» խմբավորման և Քրդական բանվորական կուսակցության հետ կապեր ունեցող քրդական զինյալ խմբերի հետ: Թուրքիայի եվրոպական հարցերով նախարար Օմեր Չելիքը երեկ ասել է․ - «Ոչ մեկը իրավունք չունի մեզ ասելու, թե ահաբեկչական որ կազմակերպության դեմ պետք է պայքարենք»:

Չինաստանում Օբամա - Էրդողան հանդիպումից մեկ օր առաջ՝ սեպտեմբերի 3-ին, տեղի է ունենալու Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հանդիպումը: Ռուսաստանի նախագահ Յուրի Ուշակովի խոսքերով՝ «հետաքրքիր շփում տեղի կունենա, քննարկում Թուրքիայի նախագահի հետ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG