Մատչելիության հղումներ

Գյումրու ՏԻՄ ընտրություններում կպայքարեն 10 կուսակցություն և 1 դաշինք


Համամասնական ընտրակարգով հոկտեմբերի 2-ին Գյումրիում կայանալիք ՏԻՄ ընտրություններին ավագանու 33 տեղի համար 422 թեկնածու կպայքարի․ ընտրություններին առաջադրվել է 10 կուսակցություն և մեկ դաշինք:

Ամենամեծ ցուցակը ներկայացրել է Հանրապետականի ու Քրիստոնեադեմոկրատների «Բալասանյան» դաշինքը՝ 99 թեկնածու: Ի դեպ՝ «Բալասանյան» դաշինքի հանրապետական թեկնածուների ցուցակը անձամբ կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանն է հաստատել իր ստորագրությամբ:

«Բալասանյան» դաշինքի 99 տեղերից 18-ը բաժին է հասել քրիստոնեադեմոկրատներին, ընդ որում՝ հիմնականում վերջին տեղերը: 65 տեղ հանրապետականին, իսկ մնացած 16-ը՝ անկուսակցականների է բաժին հասել: Ցուցակը գլխավորող Գյումրիի գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանը ևս անկուսակցականների թվում է:

«Հայկական վերածնունդը» թեկնածուների թվով 2-րդն է: 90 հոգանոց ցուցակը գլխավորում է ԱԺ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը: Ընդամենը 1 անկուսակցական կա ցուցակում, մյուսները՝ «Հայկական վերածննդի» անդամներ են:

«Բարգավաճ Հայաստանը» 49 թեկնածուի ցուցակ է ներկայացրել: Նախկին ԲՀԿ-ական, այժմ անկուսակցական Վարդևան Գրիգորյանն է գլխավորում ցուցակը: 13-ը անկուսակցական են, մյուսները՝ ԲՀԿ-ական:

Դաշնակցություն և «Համախմբում» կուսակցությունները 33-ական թեկնածու են առաջադրել իրենց ցուցակներում:

24 թեկնածու առաջադրել է ԳԱԼԱ կուսակցությունը, մեկով պակաս՝ «Ալյանսը»:

22 թեկնածու առաջադրել է Հայ ազգային կոնգրեսը, 17 թեկնածու` «Քաղաքացիական պայմանագիրը»:

16-ական թեկնածու էլ առաջադրել են նորաստեղծ «Գործարար» ու «Գյումրեցու ոգի» կուսակցությունները:

Ի դեպ, այս ՏԻՄ ընտրությունները ոչ միայն նոր ընտրակարգով կառանձնանան: Ավագանի անդամի աթոռի համար կպայքարեն բավականին մեծ թվով 4-րդ իշխանության՝ ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG