Ադրբեջանում կան որոշ ուժեր, որոնք ծառայում են հոգևորական գործիչ Ֆեթուլլահ Գյուլենի շահերին: Այդ մասին այսօր հայտարարել է «Ենի Ազերբայջան» իշխող կուսակցության գործադիր քարտուղարի տեղակալ Սիյավուշ Նովրուզովը:
«Այդ ուժերը պետք է գիտակցեն, որ Ադրբեջանը ուժեղ պետություն է, որի կառավարումն իրականացվում է երկրի նախագահի կողմից բարձր մակարդակով, բացի այդ, երկրում նկատվող ժողովրդի և իշխանության միասնությունը ի վիճակի է դիմակայել նմանատիպ գործողություններին» , - Նովրուզովի խոսքերն է մեջբերում «Թրենդ» լրատվական գործակալությունը:
Իշխող ուժի ներկայացուցչի կարծիքով՝ երկրում «կան քաղաքական կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ, որոնք իրենց շահադիտական նպատակներից ելնելով փորձում են խախտել հասարակական-քաղաքական կայունությունը, փոփոխության ենթարկել պետական կարգը»: «Չի բացառվում, որ այդ մարդիկ նաև Գյուլենից են միջոցներ ստանում»,- հավելել է Նովրուզովը:
Ավելի վաղ Ադրբեջանի անվտանգության ծառայությունը հայտարարել է մի խումբ անձանց ձերբակալության մասին, որոնք կարող են կապ ունենալ Գյուլենի շարժման հետ:
Հիշեցնենք՝ Թուրքիան Ֆեթուլլահ Գյուլենին մեղադրում է երկրում հեղաշրջման փորձի համար: