Մատչելիության հղումներ

«Իշխանությունները փորձում են տապալել ԸՕ-ում վերահսկման մեխանիզմների ներդրումը»


4+4+4 ձևաչափով ընթացող քննարկումներ, արխիվ
4+4+4 ձևաչափով ընթացող քննարկումներ, արխիվ

Քաղաքացիական հասարակության ներկայացուցչի կանխատեսմամբ, վերահսկման մեխանիզմների ներդրման տապալման դեպքում, Արևմուտքի հիասթափությունը համեմատելի կլինի ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի ձախողման ժամանակ եղած արձագանքի հետ:

Իշխանությունները փորձում են տապալել Ընտրական օրենսգրքում վերահսկման մեխանիզմների ներդրումը, կարծում է «Իրազեկ Քաղաքացիների Միավորում» հասարակական կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանը, ով այդ մեխանիզմների ներդրման շուրջ 4+4+4 ձևաչափով ընթացած երբեմնի բանակցությունների մասնակիցներից է:

«Իշխանությունները փորձում են տապալել այս փոփոխությունները՝ հղում անելով գումարի բացակայությանը, կամ այլ հանգամանքների: Միջազգային հանրությունը, նաև մենք, փորձում էինք ամեն կերպ խանգարել այդ տապալմանը, և վերջում իշխանությունը կարծես թե գտավ ինչ-որ ելք, լեհական կազմակերպության վրա հղում տալով՝ տապալել այս ընտրակեղծարարությունը կանխարգելող մեխանիզմների գործածումը»,- ասում է Իոաննիսյանը:

Ազգային ժողովի խոսնակ Գալուստ Սահակյանը նախօրեին քիչ հավանական էր համարել տեխնիկական վերահսկման նոր մեխանիզմներով խորհրդարանական ընտրությունների անցկացումը, պատճառաբանելով՝ առայժմ կա միայն գումարի խոստում, իսկ սարքավորումները գնելու համար նախատեսված այդ գումարը կտրամադրվի միայն հունվարին: «Գումարը փաստաթղթով չկա, բայց խոստումներ կան, այդ խոստումներով ասում են՝ գումարը կլինի, բայց տեխնիկա կկարողանանք տրամադրել հունվար ամսին: Հունվարին եթե տրամադրեն, բնականաբար, այդ տեխնիկայով ընտրություններ չենք կարող անցկացնել»,- ասել էր ԱԺ նախագահը:

Իոաննիսյանը հակադարձում է՝ գումարի հետ կապված որևէ խնդիր չկա՝ «Գումարի թե՛ ժամկետների հետ կապված, թե՛ չափի հետ կապված որևէ խնդիր չկա, իրենք այսպես փորձում են մեղքը գցել Արևմուտքի վրա, էն պայմաններում, երբ Արևմուտքը ասել է, որ ինքը պատրաստ է այս ամենը վճարել, եթե իշխանությունները սրան գնան:

Ընդ որում, ես կարծում եմ, որ Արևմուտքի կողմից հիասթափությունը, այս տապալման հետ կապված, կլինի բավականին մեծ: Դա համեմատելի կլինի անգամ ասոցացման հետ համաձայնագրի տապալման հետ, որովհետև եթե այն ժամանակ Բրյուսելում հասկանում էին, որ ասոցացման համաձայնագիրը տապալվել է Ռուսաստանի ճնշումների ներքո, ապա հիմա հասկանում են, որ ոչ մի Ռուսաստանի ճնշում չկա՝ սա զուտ ՀՀ իշխանությունների քաղաքական կամքի բացակայության արդյունքն է, որ ընտրակեղծիքները կանխարգելող այս մեխանիզմները տապալվեցին»:

Մատնահետքերի վերահսկման մեխանիզմի փոխարեն, ըստ քաղհասարակության ներկայացուցչի, իշխանություններն այժմ էլ առաջարկում են հրապարակել ընտրողների ստորագրած ցուցակները, մի պահանջ, որը տարիներ շարունակ առաջադրում էր ընդդիմությունը, և որը կտրականապես մերժվում էր իշխանությունների կողմից:

«Մենք կարծում ենք, դա բավարար չէ, որովհետև մատնահետքերով նույնականացումը կանխում է բավական լայն սպեկտրի ընտրակեղծիքներ, քանի որ ի վերջո հնարավոր չի այլ մարդու մատ գտնել, որ այդ մատով քվեարկեն: Իսկ ցուցակների հրապարակումն ընդամենը հետագա բացահայտման մեխանիզմ է, բայց սահմանադրական հանրաքվեն ցույց տվեց, որ այլ անձի փոխարեն քվեարկելու համար մարդկանց ընդամենը 5-6 հարուր հազար դրամի տուգանքի են ենթարկում, իրենք պատրաստ են էդ ռիսկին գնալ»,- ասում է Իոաննիսյանը:

Նրա կարծիքով՝ Ընտրական օրենսգրքում արդեն տեղ են գտել այնպիսի փոփոխություններ, որոնց կիրարկման դեպքում ընտրատեղամասերում կեղծիքների անհրաժեշտություն չի էլ լինի՝ «ԸՕ-ն կարելի է պայմանականորեն անվանել ուժեղ կուսակցությունների օրենսգիրք: Եվ իշխանություների հաշվարկը, որ չի լինելու միասնական ընդդիմություն, որը կկարողանա իրապես մրցել իշխանության հետ, էդ հաշվարկը կարծես թե իրականանում է․ մենք չունենք և չենք ունենալու միասնական ընդդիմություն»:

4+4+4 ձևաչափով ԸՕ-ի նախագծի շուրջ բանակցություններին մասնակցած՝ Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը կարծում է՝ սխալ էր փոփոխություններն ի սկզբանե արտաքին դրամաշնորհների հետ կապելը: «Իշխանությունները կախման մեջ էր դրել տեխնիկական նորամուծությունները արտաքին դրամաշնորհներից, ինչը կոպիտ սխալ էր և Հայաստանի ինքնիշխանության հերթական զիջումը: 13 կամ 16 միլիոն դոլարն այն թիվը չէր, որ Հայաստանի իշխանությունը չկարողանար լուրջ ցանկության դեպքում այդ գումարը հայթայթել սեփական բյուջեից»,- ասում է Բարսեղյանը:

Նրա խոսքով, բանակցությունների ընթացքում և դրանցից հետո ԸՕ-ի հետ կապված շատ կարևոր խնդիրներ մնացել են չլուծված՝ տեղական ընտրություններում հասարակական նախաձեռնությունները չեն կարող թեկնածուներ առաջադրել, արտերկրում բնակվող հայերի քվեարկության հարցը չի լուծվել: «ԸՕ-ի ամենամեծ խոցելի դրույթը մնում է իշխանության հորջորջած՝ կայուն մեծամասնության դոկտրինը, որը ցույց է տալիս, որ Հայաստանում համամասնական ընտրություններին անցում այդպես էլ տեղի չունեցավ»,- ասաց Լևոն Բարսեղյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG