Մատչելիության հղումներ

Այսօր հանդիպում են Քերրին և Լավրովը


Ջոն Քերրի և Սերգեյ Լավրով, Վյենտյան, Լաոս, 26-ը հուլիսի, 2016թ.
Ջոն Քերրի և Սերգեյ Լավրով, Վյենտյան, Լաոս, 26-ը հուլիսի, 2016թ.

Օրակարգում Սիրիայի և Ուկրաինայի հարցերն են:

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այսօր Ժնևում քննարկելու են Սիրիայի և Ուկրաինայի հիմնախնդիրները:

Երկու երկրների արտաքին գերատեսչությունների մամլո ծառայություններն այս շաբաթվա ընթացում հաստատել են հանդիպման փաստը:

«Ամերիկան և Ռուսաստանը շաբաթներ շարունակ աշխատում են Սիրիայում «Իսլամական պետության» դեմ պայքարում զինվորական կառույցների համագործակցություն հաստատելու ուղղությամբ, հանդիպման օրակարգում կլինեն նաև այլ թեմաներ»,- ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Ջոն Քըրբին:

Քերրին և Լավրովը օգոստոսի 24-ին հեռախոսով քննարկել են Սիրիայի իրավիճակի, մասնավորապես՝ Հալեպի ճգնաժամի հարցը: Երկուսն էլ ընդգծել են, որ հարկ է տարանջատել «Իսլամական պետության» դեմ Վաշինգտոնի աջակցությամբ պայքարող զինյալներին և նրանց թիկունքում թաքնվող ահաբեկիչներին:

Ռուսաստանի արտգործնախարարության հաղորդագրության համաձայն, «Ռուսաստանը և Ամերիկան Սիրիայում հակադիր ճակատներում են, բայց ունեն ընդհանուր թշնամի՝ դա «Իսլամական պետություն» ահաբեկչական շարժումն է»:

Իրավիճակը Սիրիայում է՛լ ավելի է խճճվել այն բանից հետո, երբ թուրքերը զինուժ և տեխնիկա են մտցրել այդ երկրի հյուսիսային հատված: Պաշտոնական Անկարան հավաստիացնում է, որ թիրախն «Իսլամական պետություն»-ն է, մինչդեռ հարվածներ է հասցնում նաև «Քրդական ժողովրդի պաշտպանության ջոկատներ» շարժմանը, որը Վաշինգտոնում համարվում է դաշնակից «Իսլամական պետության» դեմ պայքարում:

Թուրքերը պնդում են, որ «Քրդական ժողովրդի պաշտպանության ջոկատներն» առնչություն ունի Քրդական բանվորական կուսակցության (PKK) հետ, որը տասնամյակներ շարունակ տարածաշրջանում զինված պայքար է մղում քրդերի անկախ պետություն ստեղծելու համար: Հետևաբար, ըստ Անկարայի, այդ շարժումը պետք է անհապաղ հեռանա Սիրիայի հյուսիսից:

«Մենք թույլ չենք տա քրդերին գրավել Սիրիայի հյուսիսը»,- բազմիցս հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը:

Այսօր Ժնևում Քերրին և Լավրովը կանդրադառնան նաև Ուկրաինայի հակամարտությանը: Անցած շաբաթների ընթացքում իրավիճակն Ուկրաինայի արևելքում նորից սրվել է:

Նախագահ Պետրո Պորոշենկոն հայտարարել է, թե Ռուսաստանը կարող է լայնածավալ հարձակում իրականացնել:

Լավրովը Քերրիին հորդորել է օգտագործել Միացյալ Նահանգների ազդեցությունն Ուկրաինայի վրա և համոզել Կիևին երկխոսություն հաստատել Արևելյան Ուկրաինայի ռուս անջատականների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG