Մատչելիության հղումներ

Թուրքական զինուժը ներխուժեց Սիրիա


Թուրքական տանկերը ներխուժում են Սիրիայի տարածք, 24-ը օգոստոսի, 2016 թ․
Թուրքական տանկերը ներխուժում են Սիրիայի տարածք, 24-ը օգոստոսի, 2016 թ․

Թեև Անկարան պնդում է, որ այդպիսով պայքարում է «Իսլամական պետության» ահաբեկիչների դեմ, շատերը վստահ են՝ Թուրքիայի առաջնային նպատակը քրդական կազմավորումների չեզոքացումն է:

Թուրքական տասնյակ տանկեր ու ռազմական կործանիչներ այս գիշեր մտել են Սիրիայի տարածք, պաշտոնական Անկարայի հավաստմամբ՝ Թուրքիայի սահմանամերձ տարածքը իսլամիստ ահաբեկիչներից մաքրելու նպատակով: Ռազմական գործողությունները ծավալվում են թուրք-սիրիական սահմանից 1 կմ հեռվորության վրա գտնվող Ջարաբլուս քաղաքի մերձակայքում, որն անցած տարվանից գտնվում էր ԻՊ-ի վերահսկողության տակ:

«Առավոտյան ժամը 4-ին Թուրքիայի բանակն ու անվտանգության ուժերը ռազմական գործողություններ սկսեցին Սիրիայի հյուսիսում՝ «Իսլամական պետության» և Քրդական դեմոկրատական միության ահաբեկիչների դեմ, որոնք շարունակ սպառնում են մեր անվտանգությանը»,- հայտարարել է նախագահ Ռեջեփ Էրդողանը՝ ասելով, թե Սիրիայի տարածքից Թուրքիայի դեմ իրականացված վերջին հարձակումներից հետո «համբերության բաժակը լցվել է»:

Պաշտոնական Անկարան հավաստիացնում է, թե սիրիական ճգնաժամից ի վեր իրականացված ամենաընդարձակ այս ռազմական գործողությունը համաձայնեցված է ՆԱՏՕ-ի կոալիցիոն ուժերի հետ: Վերլուծաբանները, մինչդեռ, վստահ են՝ այն հավելյալ լարվածություն կառաջացնի Թուրքիայի ու Միացյալ Նահանգների միջև, որի փոխնախագահ Ջո Բայդենն, ի դեպ, այսօր այցելել է Անկարա: Ի տարբերություն Թուրքիայի, պաշտոնական Վաշինգտոնը ոչ միայն ահաբեկչական չի համարում Սիրիայի Քրդական դեմոկրատական միությունը, այլև աջակցում է այդ կազմակերպությանը, այն համարելով արդյունավետ ուժ՝ «Իսլամական պետության» դեմ պայքարում:

Հենց ամերիկյան զինուժի աջակցությամբ Սիրիայի քրդերն այս ամսվա սկզբին իսլամիստ ահաբեկիչներից ազատագրեցին Եփրատի արևմուտքում գտնվող Մանբիջ քաղաքը, ինչին Անկարան ակնհայտ դժգոհությամբ արձագանքեց: Թուրքիայում մտավախություն ունեն, որ Սիրիայի քրդերը կարող են ամբողջությամբ վերահսկողության տակ առնել սահմանակից շրջանները՝ ոգևորելով քուրդ անջատողականներին Թուրքիայի ներսում: «Կոչ ենք անում ետ քաշվել»,- այսօր, դիմելով նրանց, հրապարակավ հայտարարեց արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:

«Սիրիայի դեմոկրատական միությունն ու նրանց զինյալները պետք է վերադառնան Եփրատի արևելյան ափ: Միացյալ Նահանգները խոստացել է, որ այդպես է լինելու, սա է եղել մեր գործարքը, հակառակ դեպքում Թուրքիան կձեռնարկի այնպիսի քայլեր, որոնք անհրաժեշտ է համարում: Մեզ համար որևէ տարբերություն չկա Քրդական աշխատավորական կուսակցության կամ Սիրիայում գործող Քրդական դեմոկրատական միության միջև, ուր էլ լինեն՝ նրանք էթնիկ զտումներ են անում՝ բռնի ուժով վտարելով արաբներին ու թուրքերին»,- նաև ասել է Չավուշօղլուն:

Սիրիայի քրդերը պնդում են՝ Անկարան ընդամենն օգտագործում է ահաբեկչության դեմ պայքարը՝ իրենց դիրքերը թուլացնելու համար: «Սա ագրեսիայի ցցուն օրինակ է»,- «Թվիթեր»-ում գրել է Քրդական դեմոկրատական միության ղեկավար Սալիհ Մուսլիմը: «Սա նշանակում է պատերազմ հայտարարել Սիրիայի հյուսիսում ինքնավարություն հաստատած քրդերին»,- «Ռոյթերս»-ին ասել է քրդական ազդեցիկ մեկ այլ կուսկացության առաջնորդ Ալդար Խելիլը, հավելելով՝ «մենք դեռևս քննարկում ենք՝ ինչպես ենք արձագանքելու Թուրքիայի այս որոշմանը, բայց որ դա անպատասխան չի մնալու՝ հաստատ է»:

Սիրիայի կառավարությունը ևս կոշտ քննադատության է ենթարկել Անկարայի այդ քայլը, պնդելով, որ Թուրքիան «ակնհայտորեն խախտել է իր երկրի տարածքային ամբողջականությունը»: Հաղորդվում է, որ Թուրքական զինուժի իրականացրած ռազմական գործողություններից ժամեր անց Ջարաբլուսն ու մերձակա բնակավայրերն անցել են Ասադի դեմ պայքարող սիրիական ընդդիմության վերահսկողության տակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG