Մատչելիության հղումներ

Սաքունց. «Աբսուրդ են Պերմյակովին հանձնելու կամ չհանձնելու մասին խոսակցությունները»


Ըստ իրավապաշտպանի, որևէ մեկն այսօր չի կարող խոչընդոտել Ռուսաստանին որոշել, թե Պերմյակովին որտեղ պահել։

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը աբսուրդ է որակում Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված ռուս զինծառայող Վալերի Պերմյակովին Ռուսաստանի Դաշնությանը հանձնելու կամ չհանձնելու մասին խոսակցությունները։

«Ինձ համար մի քիչ աբսուրդ է այդ հարցը, որովհետև պետք է Հայաստանի Հանրապետության ենթակայության տակ գտնվի այդ մարդը, որ հանձնես։ Եթե քո ենթակայության տակ չի, ի՞նչը հանձնես, ո՞ւմ հանձնես», - «Ազատության» հետ զրույցում ասաց իրավապաշտպանը։

Սաքունցի խոսքով, այժմ որևէ մեկը չի կարող խոչընդոտել Ռուսաստանին որոշել՝ Պերմյակովին պահել ռուսական ռազմաբազայո՞ւմ, թե՞ նրան տեղափոխել Արխանգելսկի, Աստրախանի, Խաբարովսկի, կամ Վլադիվոստոկի քրեակատարողական հիմնարկներ․ դա, ըստ իրավապաշտպանի, Ռուսաստանի իրավասության հարցն է։

«Եթե ի սկզբանե հանձնվեր և կարողանային հասնել, որ հանձնեին Հայաստանի Հանրապետության իշխանությունների հսկողության ներքո, կամ գտնվեր համապատասխան քրեակատարողական հիմնարկում՝ ամենամոտ քրեակատարողական հիմնարկը դա «Արթիկ»-ն է, այն ժամանակ կարող էինք խոսել հանձնելու կամ չհանձնելու մասին։ Բայց հիմա ինքը ի սկզբանե նրանց մոտ է գտնվում՝ ո՞ւմ հանձնես կամ ի՞նչը հանձնես, եթե դու հանձնելու բան չունես», - ասաց Սաքունցը։

Իրավապաշտպանը նշեց, որ վճիռը դեռ ուժի մեջ չի մտել, բողոքարկելու համար դեռ կան Վերաքննիչ դատարան, Վճռաբեկ դատարան, ու պատրաստվում են վճիռը բողոքարկել այդ ատյաններում։ Հիշեցնենք, Սաքունցը գործով տուժողների իրավահաջորդի ներկայացուցիչներից է:

«Այդ ատյաններով մենք բնականաբար կանցնենք, բայց հարցը կայանում է հետևյալում՝ միանշանակ է, որ այդ վճիռը չի բեկանվելու, միանշանակ եմ ձեզ երաշխավորում, Սերժ Սարգսյանի և դատախազության՝ որպես մեղադրողների և դատավորների կողմից եմ ասում, որովհետև ոչ թե որ նրանց անունից կարող եմ հանդես գալ, այլ ուղղակի նրանց վարքագիծն արդեն ինձ կանխատեսելի է։ Խնդիրը կայանում է հետևյալում՝ մենք ունե՞նք երաշխիքներ, որ նման երկրորդ դեպքը չի կատարվելու․ ես ձեզ վստահեցնում եմ՝ ո՛չ չունենք, «երկրորդ Պերմյակով», «երրորդ Պերմյակով», այսպես կոչված, օպերացիաները կարող են տեղի ունենալ», - ասաց Սաքունցը։

Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք այստեղ․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG