Մատչելիության հղումներ

Անկարան վերանայում է իր հարաբերությունները Վիեննայի հետ


Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, արխիվ:
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, արխիվ:

Թուրքիան խորհրդակցության նպատակով Անկարա է կանչել Ավստրիայում իր դեսպան Հասան Գյողուշին։

«Անադոլու» գործակալության հաղորդմամբ, նախօրեին այս մասին հայտարարել է Թուրքիայի Արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն։

Անկարային զայրացրել է, որ ավստրիական իշխանությունները թույլ են տվել Թուրքիայում, ԵՄ-ում և ԱՄՆ-ում ահաբեկչական համարվող Քուրդիստանի բանվորական կուսակցության կողմնակիցներին ցույց անցկացնել Վիեննայում։

Մինչդեռ ավելի վաղ Ավստրիայում արգելվել էին ցույցերը՝ ի աջակցություն հեղաշրջման փորձը տապալած թուրքական իշխանությունների։

«Ցավոք, երկկողմ հարաբերությունների ու համագործակցության նորմալ շարունակության համար հիմքերը խարխլված են։ Ավստրիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին կանչել ենք նախարարություն և հայտնել մեր դժգոհությունը։ Վիեննայում մեր դեսպանին էլ խորհրդակցության համար կանչել ենք Անկարա», - հայտարարել է Չավուշօղլուն։

Թուրք նախարարի խոսքերով, վերջին շրջանում Ավստրիան վերածվել է այլատյաց, խտրական և հակաիսլամական մի երկրի։ Նա ավստրիական իշխանություններին մեղադրել է ահաբեկչությանը աջակցելու և երկերեսանի դիրքորոշում ցուցաբերելու մեջ։

Ավստրիան նաև խստորեն քննադատել է ԱՄՆ-ում բնակվող կրոնական գործիչ, Թուրքիայում ռազմական հեղաշրջման ձախողված փորձի համար մեղադրվող Ֆեթուլլահ Գյուլենի կողմնակիցների նկատմամբ հետապնդումները Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի կողմից:

Ավստրիայի ղեկավարությունը նաև դեմ է Թուրքիայի ԵՄ անդամակցությանը։ Ավստրիայի կանցլեր Քրիստիան Քերնը մեղադրել էր Էրդողանին ժողովրդավարական չափանիշների խախտման մեջ և առաջարկել Եվրոպական միությանը դադարեցնել Թուրքիայի հետ բանակցությունները ԵՄ-ին անդամակցության հարցով:

Մևլյութ Չավուշօղլուն խիստ էր արձագանքել. - «Ավստրիայի վարչապետը նախ թող իր երկրին նայի։ Այսօր Վիեննան ռադիկալ խտրականության մայրաքաղաքն է դարձել»։

Պաշտոնական Անկարայի և Վիեննայի հարաբերությունները վերջին տարիներին ուղեկցվում են դիվանագիտական ճգնաժամերով։ Վերջին հինգ տարում Թուրքիան արդեն 3 դեսպան է փոխել Ավստրիայում, իսկ ներկայիս դեսպան Հասան Գյողուշը վերջին երկու տարում արդեն երկրորդ անգամ է կանչվում Անկարա։

2015-ի ապրիլին Թուրքիան նման քայլի էր դիմել ավստրիական խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG