Մատչելիության հղումներ

Զախարովան չի ընդունում Բաքվում կալանված ՌԴ քաղաքացի՝ հայազգի Ուելդանովի գործի հետ կապված կշտամբանքները


Մարիա Զախարովա, արխիվ
Մարիա Զախարովա, արխիվ

«Չգիտեմ, ինչպես է ձեր երկրում, բայց մեր երկրում քաղաքացիներին չեն բաժանում՝ ելնելով ազգային պատականելության սկզբունքից»,- հայկական լրատվամիջոցին ասել է ՌԴ ԱԳՆ խոսնակը:

Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, թե Ադրբեջանում կալանավորված՝ Ռուսաստանի քաղաքացի Ուելդանով-Գալուստյանի գործում ազգային ենթատեքստ չեն տեսնում:

Զախարովան նաև ասել է, թե ընդհանրապես Ռուսաստանի արտաքին գերատեսչության հասցեին արված որևէ հանդիմանություն, կապված պնդումների հետ, թե այդ գործին մոտենում են «ազգային պատկանելության ենթատեքստով», չի ընդունում: «Դա տարօրինակ է և անարդարացի, նման հարց չի կարող բարձրացվել և քննարկվել: Ռուսաստանի քաղաքացիների ճակատագրի վերաբերյալ ռուսական պետական կառույցների աշխատանքում ազգային որևէ ենթատեքստ չի կարող լինել»,- հայտարարել է ՌԴ արտգործնախարարության մամուլի խոսնակը, իրեն հարց ուղղած՝ «Գալա»-ի թղթակցին հորդորելով չշահարկել այդ թեման:

«Կրկնում եմ նրանց համար, ովքեր շատ ակտիվորեն փորձում են շեշտադրել ազգային որևէ ենթատեքստ: Որևէ նման բան չկա: Չգիտեմ, ինչպես է ձեր երկրում, բայց մեր երկրում քաղաքացիներին չեն բաժանում՝ ելնելով ազգային պատականելության սկզբունքից»,- հայկական լրատվամիջոցին ասել է ՌԴ ԱԳՆ խոսնակը:

Ինչ վերբերում է Ուելդանով-Գալուստյանի՝ Ադրբեջանում անազատության մեջ պահելու հետ կապված բուն գործին, այդ առնչությամբ Մարիա Զախարովան ասել է, թե հունիսի 20-ին Ադրբեջանի իրավասու մարմինները Բաքվում Ռուսաստանի դեսպանությանը տեղեկացրել են ՌԴ քաղաքացուն ձերբակալելու մասին՝ նշելով, թե վերջինիս թմրանյութերի ապօրինի շրջանառության հետ կապված մեղադրանք է առաջադրվել: Այլ մեղադրանքների մասին խոսք չի եղել: Մարիա Զախարովան տեղեկացրել է, որ Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան աշխատակիցնները հանդիպել են Ուելդանովի հետ, վերջինս որևէ բողոք, կամ ցանկություն չի հայտնել:

«Կարող եմ հավաստիացնել, որ դեսպանությունը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ քայլերը՝ ապահովելու Ռուսաստանի քաղաքացի Ուելդանովի օրինական իրավունքները, մասնավորապես, մշտական կապ է պահապանվում նրա փաստաբանի հետ»,- ասել է Մարիա Զախարովան՝ կարծիք հայտնելով, թե այդ հարցով սոցցանցերում բազամաթիվ մեկանաբանությունների շրջանառումը միտումնավոր է արվում՝ «առանց հասկանալու հարցի էությունը»:

«Ռուսաստանի դեսպանությունը համապատասխան տեղեկություններ է տեղադրել իր կայքէջում և պատասխանել որոշ լրտավամիջոցների հարցումներին: Մենք այդ հարցով ակտիվորեն զբաղվում ենք՝ այնպես, ինչպես մյուս բոլոր՝ արտերկրում գտնվող ՌԴ քաղաքացիների ձերբակալությունների հետ կապված հարցերով: Այս հարցը մենք կպահենք մեր սևեռուն ուշադրության տակ»,- հավաստիացրել է Ռուսաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակը:

Ադրբեջանում ՌԴ դեսպանությունն իր կայքէջում տեղադրած հաղորդագրությամբ տեղեկացնում է, որ Ռուսաստանի քաղաքացի Ուելդանովի ձերբակալության մասին ստացել էին Ադրբեջանի արտգործնախարարության նոտան, որում նշված է, թե հունիսի 9-ին երկրի պետական անվտանգության ծառայության աշխատակիցնները ձերբակալել են Ուելդանովին՝ թմրանյութեր շրջնառելու կասկածանքով: Մի քանի օր անց իրենց է դիմել Ռուսաստանի քաղաքացի Մարիանա Միրզոյանը, հայտնելով, որ ձերբակալվածն իր եղբայրն է, որի իսկական ազգանունը Գալուստյան է, և նրան ձերբակալել են ոչ թե թմրանյութերի շրջանառման, այլ լրտեսության կասկածանքով:

Մարատ Ուելդանով-Գալուստյանը քրոջ՝ Մարիանա Միրզոյանի հետ, լուսանկարը՝ «Ֆեսյբուք» սոցիալական ցանցից
Մարատ Ուելդանով-Գալուստյանը քրոջ՝ Մարիանա Միրզոյանի հետ, լուսանկարը՝ «Ֆեսյբուք» սոցիալական ցանցից

Դեսպանությունն անմիջապես դիմել է Ադրբեջանի պատկան մարմիններին՝ պարզաբանումներ ստանալու խնդրանքով: Նշվում է նաև, թե դեսպանատունն այժմ էլ շարունակում է այդ խնդրի հետ կապված աշխատել ադրբեջանական կողմի հետ: Այս հաղորդագրությունը Բաքվում ՌԴ դեսպանատունը տարածել էր հուլիսի վերջին:

Մարիանա Միրզոյանն «Ազատությանն» ասել էր, որ իր եղբայրն աշխատանքի բերումով հաճախ է այցելել Ադրբեջան և նախկինում որևէ խնդիր չի ունեցել: Խնդիրները ծագել են այն ժամանակ, երբ ադրբեջանցիներին հայտնի է դարձել նրա իսկական ազգանունը՝ Գալուստյան: Մարատ Ուելդանով-Գալուստյանն, ի դեպ, ծնվել է Բաքվում:

Հունիսի 9-ին նրա հետ ձերբակալվել էր նաև Ելենա Մակարենկոն, ով հունիսի 24-ին ազատ է արձակվել: Նրա անունով սոցցանցում տարածված փաստաբանական հարցման մեջ վերջինս պնդում է, թե ադրբեջանցի քնիչնները փորձել են իրենց մեղադրել Հայաստանի և Ռուսաստանի օգտին լրտեսական գործունեություն ծավալելու մեջ: Ուելդանովին առաջադրված՝ թմրամիջոցների շրջանառման մեղադրանքը Ելենա Մակարենկոն շինծու և անհիմն է համարում: Նա նաև մեղադրում է Ռուսաստանի իշխանություններին՝ ՌԴ քաղաքացի Մարատ Ուելդանովի շահերը պատշաճ կերպով չպաշտապանելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG