Մատչելիության հղումներ

Արփինե Հովհաննիսյան. Կոռուպցիայի դեմ պայքարի առկա մոդելն ունի որոշակի թերություններ


Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյան, արխիվ
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյան, արխիվ

«Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի առկա՝ ապակենտրոնացված մոդելն ունի որոշակի թերություններ, դրանք են` ինստիտուցիանալ և գործառույթային անկախության բացակայությունը», - այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարել է արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը։

Նախարարը վարչապետի հանձնարարականով այսօր մանրամասներ է ներկայացրել Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի հունիսի 15-ի և հունիսի 17-ի նիստերում քննարկված բազմաթիվ հարցերի և տրված հանձնարարականների կատարման վերաբերյալ:

«Հակակոռուպցիոն մարմինների գործունեության իրավական հիմքը շատ դեպքերում ենթաօրենսդրական է, որոշ հակակոռուպցիոն մարմինների, օրինակ՝ Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի աշխատանքը չի կրում մշտական բնույթ, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի համար նախատեսված չեն գործառույթային և ինստիտուցիոնալ անկախության բավականաչափ երաշխիքները: Հաշվի առնելով առկա խնդիրները, կարծում ենք, որ առկա է անհրաժեշտություն ունիվերսալ մոդելի ներդրման կամ ապակենտրոնացված մոդելի արմատական վերանայման համար», - հայտարարել է արդարադատության նախարարը՝ նշելով, որ վարչապետի հանձնարարականի դեպքում, կարճ ժամանակ անց կամփոփենք իրենց աշխատանքները և Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդին կներկայացնեն հավասարաչափ գործուն մոդելներ:

Անդրադառնալով իրական սեփականատերերի բացահայտման ինստիտուտի ներդրման հարցին, նախարարն ասել է. - «Մենք որոշել ենք սկսել կարևորագույն ոլորտներից մեկից՝ պետական գնումների ոլորտից. այն կազմակերպությունները, որոնք ցանկանում են մասնակցել պետական գնումների գործընթացին պետք է բացահայտեն իրենց իրական սեփականատերերին: Ընդ որում, բացահայտումը պետք է իրականացվի ֆիզիկական անձանց մակարդակով, ոչ թե միայն համապատասխան բաժնեմաս ունեցող ընկերությունների մակարդակով: Իրական սեփականատեր ասելով՝ հասկանում ենք այն անձանց, ովքեր ընկերությունում ուղղակի կամ անուղղակի կերպով ունեն 10 տոկոս բաժնեմաս, կամ իրավունք ունեն նշանակել կամ ազատել իրավաբանական անձի գործադիր մարմնի անդամներին, կամ ստանում են իրավաբանական անձի կողմից իրականացվող ձեռնարկատիրական կամ այլ գործունեության արդյունքում ստացված շահույթի տասնհինգ տոկոսից ավելին, իսկ վերջիններիս բացակայության դեպքում՝ իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարը և անդամները», - ասել է Հովհաննիսյանը։

Նախարարը կարևորել է, որ անձը ոչ միայն հայտարարություն ներկայացնի, թե ովքեր են իր իրական սեփականատերերը, այլև ներկայացնի իրավական ուժ ունեցող փաստաթղթեր, որոնք կհիմնավորեն իր կողմից արված հայտարարությունները: «Բնականաբար խախտման համար պետք է նախատեսվի պատասխանատվություն», - ասել է Հովհաննիսյանը:

Հաջորդ հանձնարարականը, ըստ արդարադատության նախարարի, վերաբերել է ապօրինի հարստացմանը: «Խոսքը վերաբերում է նրան, որ եթե պաշտոնատար անձը ունի գույքի և եկամուտների զգալի աճ և չի կարողանում հիմնավորել, թե որտեղից է գույքի կամ եկամուտի զգալի աճը և դա անհամադրելի է իր օրինական եկամտի հետ, ապա իրավասու մարմինները կարող են պահանջել հիմնավորել անհամապատասխանությունը եկամուտների և գույքի աճի և իր օրինական եկամուտի միջև: Եթե պաշտոնատար անձը չի կարողանում հիմնավորել այս անհամապատասխանությունը, ապա այս դեպքում վրա է հասնում պատասխանատվություն», - ասել է նախարարը՝ շարունակելով. - «Իհարկե, այս տեսանկունից պետք է նշել, որ նման մոտեցումը անմեղության կանխավարկածի սկզբունքի հետ որոշակի խնդիրներ կարող է ունենալ, սակայն մենք ուսումնասիրել ենք հարցը, բազմաթիվ քննարկումներ են եղել ոլորտի մասնագետների հետ։ Մեր դիրքորոշումը այն է, որ այստեղ չկա անմեղության կանխավարկածի սկզբունքի հետ խնդիր, այլ պարզապես օրենքով անձի վրա դրվում է պարտականություն հիմնավորել իր ծախսերի կամ գույքի զգալի աճի և՛ դրանց, և՛ իր օրինական եկամուտների միջև անհամամասնության առկայությունը»։

Ըստ նախարարի, ինքնին ապօրինի հարստացման փաթեթը բավարար չէ բոլոր խնդիրները կարգավորելու համար և անհրաժեշտ է նախատեսել այլ կարգավորումներ ևս: «Հենց սրան է ուղղված մեր կողմից առաջարկվող հաջորդ փաթեթը: Նույն ապօրինի հարստացման գործերի դեպքում անձինք կարող են կնքել շինծու փոխառության գործարքներ և դրանով օրինականացնել իրենց ապօրինի եկամուտները կամ գույքը: Այս առումով, կարծում ենք, գործուն երաշխիք կլինի կանխիկ գործառնությունների սահմանափակման հետ կապված օրենսդրական փաթեթը։ Մասնավորապես՝ պետք է արգելվեն որոշակի գումարից բարձր փոխառությունների կանխիկ կատարումը՝ դրանք կատարելով բացառապես բանկային փոխանցումների միջոցով, բացի դրանից որոշակի գումարից բարձր անշարժ գույքի գործարքները նույնպես պետք է կատարվեն բացառապես բանկային փոխանցումների միջոցով։ Կարծում եմ, այս և մի շարք այլ քայլերը, օրինակ՝ ներկայումս ուսումնասիրում ենք նաև միջազգային փորձը պաշտոնյաների արտասահմանյան հաշիվներ ունենալու կամ չունենալու կամ դրանք հայտարարագրելու վերաբերյալ, թույլ կտան առավել արդյունավետ պայքար մղել կոռուպցիայի դեմ», - նշել է արդարադատության նախարարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG