Մատչելիության հղումներ

Արմեն Միքայելյանը «շարունակելու է պայքարը՝ առանց վախենալու ճնշումներից»


Հիմնադիր խորհրդարանի անդամ Արմեն Միքայելյանը:
Հիմնադիր խորհրդարանի անդամ Արմեն Միքայելյանը:

Երեկ ուշ երեկոյան «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից ազատ արձակված Հիմնադիր խորհրդարանի անդամ Արմեն Միքայելյանը պնդում է, որ ինքն անմեղ է, ոստիկաններն են իր դեմ «գործ սարքել»․ - «Բնականաբար, ես ոչ մի հանցագործություն չեմ կատարել»:

Երեկ Վերաքննիչ քրեական դատարանը, քննելով Միքայելյանի պաշտպան Երվանդ Վարոսյանի դիմումը կալանքը գրավով փոխարինելու մասին, որոշում կայացրեց ազատ արձակել ապօրինի կերպով հրազեն պահելու մեջ մեղադրվող Հիմնադիր խորհրդարանի անդամին։

«Սասնա ծռերի» կողմից ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրավելուց հետո մեկնարկած բողոքի ակցիաների ժամանակ, ըստ նախաքննական մարմնի, Արմեն Միքայելյանի մոտ ինքնաշեն ատրճանակ է հայտնաբերվել։ Հուլիսի 27-ի երեկոյան այս կասկածանքով Խորենացի փողոցից բերման են ենթարկել նրան, ձերբակալել, ապա կալանավորել։

20 օր Նուբարաշենի բանտում անցկացրած Արմեն Միքայելյան «Ազատության» հետ զրույցում պատմում էր, թե ինչպես են ոստիկաններն իր դեմ «գործ սարքել»․ - «Հանրահավաքից հետո, մոտ ժամը երեքի սահմաններում տուն գնալու ճանապարհին երկու մեքենա դիմացը կտրեց, ընտանիքիս անդամների հետ էի: Բերման ենթարկեցին, ձերբակալեցին, էդ զենքն էլ էդ ընթացքում իրանք դրեցին, իրանք էլ հանեցին»:

Զենքի առնչությամբ առավել մանրամասն պատմելու խնդրանքին Միքայելյանն արձագանքեց․ - «Հիմա մանրամասներ չեմ ուզենա հրապարակել, որովհետև ցուցմունք դեռ ես չեմ տվել: Դատարանում լրիվ մանրամասները արդեն կհրապարակեմ»:

Ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանն «Ազատությանը» փոխանցեց, որ եթե Միքայելյանը դժգոհ է կամ տուժել է ոստիկանության գործողություններից, ապա կան օրենքով սահմանված ընթացակարգեր խնդրի լուծման համար։

Մինչդեռ իշխանությունների գործողություններից տուժած Արմեն Միքայելյանը հայտարարում է, որ շարունակելու է պայքարն առանց վախենալու նման ճնշումներից․ - «Մենք արդեն այս 4-5 տարիների ընթացքում էնքան ճնշումներ ենք տեսել, որ սա դժվար թե որևիցե մեկին հետ կանգնեցնի»:

Միքայելյանի պաշտպան Երվանդ Վարոսյանը պնդում է, որ առաջին ատյանի դատարանը իր պաշտպանյալին կալանավորելու մասին որոշումն անհիմն է կայացրել՝ ընդամենը գրելով, թե նա, գտնվելով ազատության մեջ, կխոչընդոտի նախաքննությանը․ - «[Իսկ] Վերաքննիչ դատարանը գտավ, որ նման պայմաններում անձի գրավով ազատ արձակվելը որևէ կերպ չի կարող քննությանը խոչընդոտել»:

«Ես կարծում եմ, որ այսպիսի գործերով որոշումները չեն կարող քաղաքական ենթատեքստ չունենալ», - նշեց Վարոսյանը՝ հայտարարելով, որ եթե իր պաշտպանյալի նկատմամբ խախտումները շարունակվեն, իրենք կդիմեն Եվրոպական դատարան։

Իսկ այժմ զբաղվելու են նրա արդարացման գործընթացով․ - «Ամբողջ քրեական հետապնդումն է խախտում: Պայքարը դեռ շարունակվելու է: Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի հասնենք արդարության՝ հասնենք նրան, որ Արմենն արդարացվի, որովհետև որևէ հանցագործություն ինքը չի կատարել, և բոլորիս հայտնի է, թե առհասարակ ինչ պատճառներով է ինքը ազատազրկվել, և այս քրեական հետապնդումը ինչ նպատակ ունի: Գոհ ենք, որ Վերաքննիչ դատարանը նման որոշում է կայացրել, բայց սա ընդամենը սկիզբն է, և մենք միևնույն է արդարադատություն ենք ակնկալում և՝ ոչ միայն Արմենի գործով: Ես հույս ունեմ, որ էս պրոցեսը, այնուամենայնիվ, կդառնա շարունակական և կտարածվի նաև մյուս բոլորի վրա»:

Արմեն Միքյաելյանը նաև ասաց, որ ոստիկանությունում բռնությունների չի ենթարկվել։ Հավելեց, որ նախաքննական մարմինը գործն արդեն ուղարկել է դատարան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG