Մատչելիության հղումներ

Լարիջանի. «Ռուսաստանին մշտական ռազմակայան Իրանի տարածքում չի տրամադրվի»


Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին, արխիվ:
Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին, արխիվ:

«Չի բացառվում, որ առաջիկայում Սիրիայում ստեղծված կացությունը եռակողմ ձևաչափում քննարկեն Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի դիվանագիտական գերատեսչությունների ներկայացուցիչները», - Թեհրանում կայացած բանակցությունների ավարտին ռուսաստանյան «Ինտերֆաքս» գործակալությանը հայտնել է Մերձավոր Արևելքում Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ, փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը:

Տարածաշրջանում Պուտինի հատուկ ներկայացուցիչը այս մասին խոսել է այն նույն օրը, երբ ռուսաստանյան Զինված ուժերի Տու-22 ռմբակոծիչները սկսեցին օգտագործել Թեհրանից հարավ գտնվող Համադանի ռազմաօդային բազան` Սիրիայում հարվածներ հասցնելու նպատակով:

Իրանի իշխանությունները, սակայն, պնդում են, որ ռուսաստանյան օդուժի կողմից Համադանի ռազմական օդանավակայանի օգտագործումը չի նշանակում, թե պաշտոնական Թեհրանը համաձայնել է Մոսկվայի մշտական ռազմական ներկայությանը իսլամական հանրապետության տարածքում:

«Մենք հստակորեն հայտարարել ենք, որ Ռուսաստանի հետ շատ արդյունավետ համագործակցություն ենք ծավալել, այդ թվում տարածաշրջանային՝ ներառյալ Սիրիայի խնդրում: Դա, սակայն, չի նշանակում, թե Ռուսաստանին Իրանի տարածքում մշտական հիմունքներով ռազմաբազա է տրամադրվել», - AP գործակալության հետ զրույցում հայտարարել է Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին:

Իրանի սահմանադրության համաձայն, երկրում օտարերկրյա ռազմակայանների տեղակայումը արգելված է: Վերջին անգամ Ռուսաստանի, ավելի հստակ՝ Խորհրդային Միության բանակի զինծառայողները Իրանի տարածքում տեղեկայված են եղել Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, երբ երկրի տարածքը բաժանված էր Մոսկվայի և Լոնդոնի ազդեցության գոտիների: Հետագայում` մինչև Իսլամական հեղափոխության մեկնարկը, Իրանում հազարավոր ամերիկացի ռազմական խորհրդականներ կային:

Ինչպես և կարելի էր ակնկալել, պաշտոնական Վաշինգտոնը բավական կոշտ արձագանքեց Ռուսաստանի օդուժի կողմից իրանական ռազմաբազայի օգտագործման փաստին:

«Տեղի ունեցածը, իհարկե, ցավալի է, սակայն ո՛չ զարմանալի է, ո՛չ էլ անսպասելի: Սա այն ընդհանուր միտման շարունակությունն է, երբ Ռուսաստանը հարվածներ է հասցնում Սիրիայում, այժմ էլ՝ արդեն Իրանի անմիջական աջակցությամբ», - երեքշաբթի երեկոյան Վաշինգտոնում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարել է Միացյալ Նահագների պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոները:

Նրա խոսքով, Ռուսաստանի ներկայացուցիչները շարունակում են պնդել, որ օդային հարվածներ են հասցնում «Իսլամական պետություն» և «Ջաբհաթ Ան Նուսրա» խմբավորումների դիրքերին, սակայն հիմնական հարվածների թիրախը շարունակում են մնալ չափավոր իսլամիստական խմբավորումները:

Այժմ, ըստ Մարկ Թոների, Վաշինգտոնում փորձում են գնահատել Իրանի Համադանի ռազմաօդային բազայից իրականցվող ռուսական հարվածների ծավալը:

«Գոնե այս պահին հստակ չէ, թե ինչ չափով են ռուսական ուժերն օգտագործում Իրանում գտնվող ռազմակայանը: Տարբեր տեղեկություններ կան․ մի մասը պնդում է, որ սա միանգամյա գործողություն էր, մի մասը՝ թե դա շարունակական բնույթ է կրելու: Այս պահին մենք որևէ տեղեկատվություն այս մասին չունենք: Ես կարող եմ միայն հաստատել, որ պետքարտուղար Քերրին այս թեմայի շուրջ զրուցել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ»:

Մի քանի ժամ առաջ հայտնի դարձավ, որ ռուսական օդուժը նոր հարվածներն է հասցրել Սիրիայում: Այս անգամ Համադանի ռազմաբազայից օդ են բարձացել Սու-34 ռմբակոծիչները` հարվածներ հասցնելով Դեր Զորի մերձակայքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG