Մատչելիության հղումներ

Ռուսական օդուժը Սիրիայի պատերազմում սկսել է օգտագործել Իրանի տարածքը


 Tu-22M3 հեռահար ռմբակոծիչը պատրաստվում է հարվածներ հասցնել: Սիրիա, 16 օգոստոսի, 2016: Lուսանկարը տրամադրել է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
Tu-22M3 հեռահար ռմբակոծիչը պատրաստվում է հարվածներ հասցնել: Սիրիա, 16 օգոստոսի, 2016: Lուսանկարը տրամադրել է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

Ռուսաստանյան լրատվամիջոցների փոխանցմամբ, Ռուսաստանի օդուժն առաջին անգամ սիրիայում գրոհ է իրականացրել՝ օգտագործելով Իրանի տարածքը: Ըստ ՌԴ ՊՆ-ի, ռուսական ինքնաթիռներն օդ են բարձրացել Իրանում գտնվող Համադանի օդանավակայանից և ռմբահարել են «Իսլամական պետության» դիրքերը Սիրիայի հյուսիսում:

Tu-22M3 հեռահար ռմբակոծիչները և Su-34 կործանիչներն օգոստոսի 16-ին են Համադանի ռազմական օդակայանից ուղղություն վերցրել դեպի Սիրիա, որտեղ Հալեպի, Դեր էր Զորի և Իդլիբի շրջաններում հարվածներ են հասցրել «Իսլամական պետության» զենքի և վառելիքի պահետսներին, հրամանատարական կենտրոններին և ուսումնական ճամբարներին:

Պետական դումայի պաշտպանության հարցերով հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կոմոյեդովն ասել է, որ իրանական օդային ռազմակայանի օգտագործումը թույլ է տալիս և՛ վառելիք տնտեսել, և՛ առավել մեծ քանակությամբ ռումբեր տեղադրել ինքնաթիռներում:

Մինչդեռ, Նյու Յորքում տեղակայված Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունն այսօր հայտարարել է, որ ռուսական օդուժը Սիրիայում հարվածներ է հասցնում հրկիզող ռումբերով, որոնց կիրառումը քաղաքացիական բնակավայրերում միջազգային օրենքներով արգելվում է:

Ըստ Human Rights Watch-ի, անցած վեց շաբաթների ընթացքում ռուսներն առնվազն 18 անգամ նման ռումբեր են արձակել բնակելի թաղամասերի վրա: Կառույցը Քիմիական զենքի արգելման պայմանագրի անդամ երկրներին հորդորել է օգոստոսի 29-ին Ժնևում կայանալիք ժողովում դատապարտել ռուսների գործողությունները:

«Այդ զենքը սարսափելի վնասվածքներ և անտանելի ցավ է պատճառում, ուստի բոլոր պետությունները պարտավոր են դատապարտել հրկիզող ռումբերի օգտագործումը բնակելի թաղամաերում», - ասել է իրավապաշտպան կազմակերպության սպառազենի հարցերով բաժնի տնօրեն Սթիվ Գուսը:

Ռուսաստանյան պետական մամուլը հաղորդում է, որ «Իսլամական պետության» դեմ պայքարում Իրանը և Իրաքը բացահայտորեն միացել են Ռուսաստանին: Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ այդ երկու երկրները Ռուսաստանին թույլատրել են օգտագործել իրենց օդային տարածքները Калибр МК տեսակի թևավոր հրթիռների թռիչքների համար:

Ռուսաստանցի վերլուծաբաններից ոմանք ենթադրում են, թե Մերձավոր Արևելքում գրանցվում է քաղաքական լուրջ շրջադարձ՝ տարածաշրջանը սկսում է Ռուսաստանի առաջնորդության ներքո պայքարել «Իսլամական պետության» դեմ:

Ռազմական հարցերով փորձագետ Վիկտոր Լիտովկինի համոզմամբ՝ կարելի է ենթադրել, որ Ռուսաստանի և Իրանի նախագահները Բաքվում վերջերս տեղի ունեցած հանդիպման ընթացքում են հասել բանավոր համաձայնության Սիրիայում օդային գրոհների համար իրանական օդանավակայանն օգտագործելու հարցում:

«Իզվեստիային» տված հարցազրույցում Լիտովկինն ասել է․ - «Եթե Միացյալ Նահանգները և Սաուդյան Արաբիան դադարեցնեն Սիրիայում սատարել ահաբեկիչներին և չբաժանեն նրանց յուրայինների ու օտարների, արմատական իսլամիստների նկատմամբ հաղթանակը կգրանցվի եթե ոչ մոտ ապագայում, ապա առնվազն առաջիկա ամիսներին»:

Իրավապաշտպանները և արևմտյան երկրների զինվորականները պնդում են, որ ռուսաստանյան օդուժի թիրախն են դառնում նախագահ Բաշար ալ-Ասադի բանակի դեմ ամերիկացիների և նրանց դաշնակիցների աջակցությամբ պայքարող ընդդիմադիր զորախմբերը:

Սակայն Մոսկվան հավաստիացնում է, որ հարվածները հասցնում է միայն «Իսլամական պետության» և ծայրահեղական այլ ջոկատների դիրքերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG