Մատչելիության հղումներ

Մխիթարյան. «Ինձ համար մեծ պատիվ է լինել Պրեմիեր լիգայում հանդես եկող առաջին հայը»


Անցած կիրակի անգլիական Պրեմիեր լիգայում «Մանչեսթր Յունայթեդ»-ի կազմում առաջին անգամ խաղադաշտ մտավ Հենրիխ Մխիթարյանը։

«Բորնմութ»-ի հետ հանդիպմանը նա խաղադաշտ մտավ 75-րդ րոպեին», - գրում է Tribalfootball կայքը՝ նշելով. - «Նա պատմություն կերտեց` դառնալով Պրեմիեր լիգայում խաղացող առաջին հայ ֆուտբոլիստը»։

27-ամյա հարձակվողական ոճի կիսապաշտպան Մխիթարյանը փոխարինեց Խուան Մաթային, երբ «Մանչեսթր Յունայթեդ»-ը հյուրընկալվելիս արդեն հաղթում էր 3։1 հաշվով։

Մխիթարյանը Թվիթերի իր էջում գրել է. - «Հրաշալի թիմային հաղթանակ էր։ Ինձ համար մեծ պատիվ է լինել Պրեմիեր լիգայում հանդես եկող առաջին հայը»։

Հայ ֆուտբոլիստի դեբյուտը նշում է նաև Times-ը՝ հիշեցնելով, որ «Մանչեսթր Յունայթեդ»-ը Դորթմունդի «Բորուսիա»-ից Մխիթարյանին ձեռք է բերել 26 միլիոն ֆունտ ստերլինգով։

Առաջին խաղում հյուրընկալվելիս «Մանչեսթր Յունայթեդ»-ը հաղթեց 3։1 հաշվով։ Գոլերը խփեցին Խուան Մաթան, նա օգտվեց հակառակորդի պաշտպանի սխալից, Ուեյն Ռունին գլխի հարվածով երկրորդ գոլը խփեց, իսկ 35-ամյա Զլատան Իբրահիմովիչը հեռվից գրավեց «Բորնմութ»-ի դարպասը։

Իբրահիմովիչը ևս «Մանչեսթր Յունայթեդ» է տեղափոխվել այս մրցաշրջանում։ Տանտերերից գեղեցիկ հարվածով միակ պատասխան գոլը խփել է Ադամ Սմիթը։

Նախորդ մրցաշրջանում «Մանչեսթր Յունայթեդ»-ը համեստ արդյունք էր ցույց տվել, և հիմա ակումբի նոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն մտադիր է թիմը վերադարձնել առաջատար դիրքեր՝ թիմը ուժեղացնելով օտարերկրյա լեգիոներներով։

Խաղից հետո Ժոզե Մոուրինիոն գոհունակություն է հայտնել մեկնարկային արդյունքից։ «Երեք գոլ, երեք միավոր։ Շատ կարևոր հաղթանակ է և առջևում հաջորդ հանդիպումն է», - ասել է մարզիչը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG