Մատչելիության հղումներ

Պաշտոնական Անկարան շարունակում է բարձրաձայնել իր դժգոհությունը ԵՄ-ից


Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն, արխիվ:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն, արխիվ:

Պաշտոնական Անկարան սպառնում է Եվրամիությանը չեղյալ հայտարարել սիրիացի փախստականների հարցով ավելի վաղ կնքված համաձայնագիրը՝ եթե մինչև հոկտեմբեր Եվրոպան չկատարի Թուրքիայի քաղաքացիների համար վիզային ռեժիմը վերացնելու խոստումը:

Նման հայտարարություն է արել Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն գերմանական Bild հանդեսին տված հարցազրույցում:

Թուրք նախարարը դժգոհել է Եվրամիության վերաբերմունքից` ընդգծելով, որ ոչ մի երկիր այսքան ջանք չի թափել Եվրամիության անդամ դառնալու համար, սակայն արդյունքում Անկարան «բախվել է սպառնալիքների, վիրավորանքների և խոչընդոտների»:

«Ինձ վշտացնում է, երբ մենք քննադատության ենք ենթարկվում, երբ պահանջում ենք փոխանցել այն 3 միլիարդ եվրո գումարը, որը հենց Եվրամիությունն է որոշել տրամադրել Թուրքիային՝ փախստականներին ապաստանելու համար: Մինչև օրս Թուրքիան այս նպատակով 25 միլիարդ դոլար է ծախսել», - նշել է Չավուշօղլուն` ընդգծելով, որ Եվրամիությունը փորձում է Թուրքիային պարտադրել իր կարծիքը:

Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարը հայտարարել է, որ կնքված համաձայնագիրը կա՛մ պետք է երկկողմանիորեն կյանքի կոչվի, կա՛մ մի կողմ դրվի:

Եվրամիության և Թուրքիայի միջև փախստականների ճգնաժամը հաղթահարելու ուղղությամբ մարտ ամսին կնքված համաձայնությամբ Թուրքիան պարտավորվել էր ապաստան տրամադրել Հունաստանից ուղարկված սիրիացիներին` այսպիսով կանխելով նրանց հոսքը եվրոպական մյուս երկրներ: Փոխարենը Անկարան Եվրոպայից ստանալու էր ֆինանսական օժանդակություն և ազատ վիզային ռեժիմ իր քաղաքացիների համար:

Եվրամիության հետ հարաբերություններում լարվածություն սկսվեց անցած ամիս Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման անհաջող փորձից հետո: Եվրամիության ղեկավարությունը անընդունելի է որակել Թուրքիայում մահապատժի վերականգնման հնարավորությունը:

Իսկ ազատ վիզային ռեժիմի սահմանումը ձգձգվում է: Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին անցած ամիս հայտարարել էր, որ մահապատիժ կիրառող ոչ մի երկիր չի կարող ԵՄ անդամ դառնալ: Այս հարցի շուրջ Թուրքիայի ԱԳ նախարարը գերմանական հանդեսին հայտնել է իր մտահոգությունը` նշելով․ - «Եվրոպան այնպես է արձագանքում, կարծես մենք վերականգնել ենք մահապատիժը: Այս հարցում պահանջներ կան, և անհրաժեշտ է հասկանալ դրանք: Թուրքիան վերապրել է իր պատմության մեջ ամենաարյունալի հեղաշրջման փորձը»:

Չավուշօլղուն հավելել է, որ այս հարցում հապճեպ որոշում կայացնելու անհրաժեշտություն չկա:

Թուրքիա - ԵՄ տարաձայնությունների ֆոնին եվրոպացի պաշտոնյաները կոշտացնում են Թուրքիայի հասցեին հռետորաբանությունը: Ավստրիայի կանցլեր Քրիստիան Քերնը հայտարարել է, որ Եվրամիությունը Թուրքիային պետք է համագործակցության նոր ձևաչափ առաջարկի` միությանը անդամակցելու ձևական բանակցությունները շարունակելու փոխարեն: Պաշտոնական Վիեննան նաև մտադիր է հանդես գալ Թուրքիայի անդամակցության գործընթացը դադարեցնելու նախաձեռնությամբ:

Գերմանիան Թուրքիայի հետ հակասություններ ունի Ֆեթուլահ Գյուլենի հարցում: Հեղաշրջման փորձի տապալումից հետո թուրքական իշխանությունները համատարած փակում են գյուլենական շարժման հետ առնչություն ունեցող հաստատությունները ինչպես Թուրքիայում, այնպես էլ արտերկրում: Բեռլինի քաղաքապետ Մայքլ Մյուլերը Bild-ի հետ զրույցում հայտարարել է, որ Թուրքիան փորձել է ազդեցություն գործել քաղաքային իշխանության քաղաքականության վրա՝ առաջարկելով հակազդել Գյուլենի աջակիցներին: Բեռլինի քաղաքապետը ասել է, որ Գերմանիան չի պատրաստվում տեղի տալ թուրքական իշխանությունների ճնշումներին, և գյուլենական դպրոցները շարունակելու են գործել այնքան ժամանակ, քանի դեռ չեն խախտում օրենքը: Նա կարծիք է հայտնել, որ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը փորձում է իր ազդեցությունը տարածել գերմանաբնակ թուրքերի շրջանում, ինչն անընդունելի է:

Հիշեցնենք, որ պաշտոնական Անկարան ԱՄՆ-ում ապրող իսլամական գործչին է մեղադրում հեղաշրջման անհաջող փորձի համար: Գյուլենը բազմիցս հերքել է այդ մեղադրանքները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG