Տասը օր է անցել, ինչ իր տան մոտ դաժանաբար ծեծի ենթարկվեց Հիմնադիր խորհրդարանի անդամ Հարություն Աղլամազյանը, սակայն գործը քննող Քննչական կոմիտեն առ այսօր որևէ տեղեկություն հայտնել:
«10 օր է անցել: Ճիշտն ասած, ոչ մի գրություն կամ տեղեկություն ես չեմ ստացել նրանցից, ոչ մի տեղեկություն չունեմ իրավապահ մարմինների կողմից։ Եվ ակնկալիք էլ չկա, որ կփորձեն բացահայտել», - «Ազատության» հետ զրույցում ասաց Աղլամազյանը:
«Ազատությունն» այսօր հարցում է ուղարկել Քննչական կոմիտե՝ խնդրելով ներկայացնել, թե արդյոք կան կասկածյալներ կամ մեղադրյալներ: Պատասխան դեռ չունենք:
Օգոստոսի լույս 5-ի գիշերը անհայտ անձինք ծեծի են ենթարկել Հարություն Աղլամազյանին, երբ նա Հատուկ քննչական ծառայությունից տուն էր վերադառնում: Աղլամազյանի խոսքով, հարձակվողները երեք հոգի էին, ծեծել են հոր ներկայությամբ և դիմել փախուստի այն բանից հետո, երբ աղմուկի պատճառով հարևանները դուրս են եկել բակ: Բազմաթիվ սալջարդերով Հարությունը տեղափոխվել է հիվանդանոց, և դեռ ամբողջովին չի ապաքինվել:
«Հետևիցս խփեցին․․․ Արդեն տենց լավ չեմ հիշում, ընկա գետին ու երեք հոգով սկսեցին հարվածել», - պատմեց նա:
Այսօր ասաց, որ ծեծից առաջ նկատել է, թե ինչպես են իրեն հետևում․ - «Մի քանի օր շարունակ ինձ բակում, գործի տեղը հետևում էին: Ոստիկանական ավտոներով նույնպես, քաղաքացիական շորերով ոստիկաններ նույնպես եղել են, Ազգային անվտանգության ծառայությունից նույնպես եղել են: Այսինքն էն մարդիկ, ովքեր էդ բանը արել են, կապված են դրանց հետ՝ իշխանությունների հետ, ոստիկանության հետ: Էդ քրեական տարրերը: Ճիշտ է, նրանք պետք ա պատժվեն, բայց ավելի կարևոր է, թե ով է նրանց էդ հրահանգը տվել»:
«Իշխանություններն են հենց էդ հրահանգը տվել հենց իմ քաղաքական, հասարակական գործունեության համար», - հավելեց նա:
Հիմնադիր խորհրդարանի անդամի խոսքով, Հայաստանում պարբերաբար ծեծում են այն մարդկանց, ովքեր իշխանություններին ընդդիմադիր են, քաղաքական հարցեր են բարձրացնում:
Հարություն Աղլամազյանը հիշեցրեց 2014 թվականի նոյեմբերին Գևորգ Սաֆարյանին ծեծի ենթարկելը: Արդեն 7.5 ամիս անազատության մեջ գտնվող Սաֆարյանը նույնպես Հիմնադիր խորհրդարանի անդամ է․ - «Գևորգին հենց Խանջյան փողոցի կանգառի մոտ էին ծեծի ենթարկել: Այնտեղ նույնիսկ տեսախցիկներ կային, որոնք ֆիքսում էին․․․ Դա հիմք ընդունելով՝ ես համոզված եմ, որ չի բացահայտվելու ոչ մի բան: Նույն քրեական տարրերը նույն ոստիկանության հետ համատեղ գործողություններ են իրականացրել»: