Մատչելիության հղումներ

Զեկույց․ «Հայաստանում կրոնական փոքրամասնություններն ընկալվում են իբրև սպառնալիք»


ԱՄՆ Պետդեպարտամենտը հրապարակել է Կրոնական ազատությունների մասին 2015 թվականի միջազգային զեկույցը, որի հեղինակներն արձանագրում են՝ «Հայաստանի բնակչության 92 տոկոսը Հայ առաքելական եկեղեցու հետևորդներ են, կրոնական փոքրամասնությունների նկատմամբ հասարակական վերաբերմունքը բացասական է»:

Զեկույցի՝ Հայաստանին վերաբերող բաժնում կարդում ենք․ - «Կրոնական փոքրամասնություններն ընկալվում են իբրև սպառնալիք պետության անվտանգությանը»:

Զեկույցի հեղինակների ուշադրությանն են արժանացել կրոնական փոքրամասնությունների դժվարությունները որոնց նրանք բախվել են, երբ փորձել են մշակութային վայրեր կառուցելու համար թույլտվություն ստանալ կամ հասարակական ոլորտում աշխատել:

«Նրանց նկատմամբ խտրականություն է դրսևորվել մի շարք ոլորտներում, պետական պաշտոնյաները շարունակել են բացասական մեկնաբանություններ հնչեցնել կրոնական փոքրամասնությունների հասցեին», - պնդում են զեկույցի հեղինակները՝ հստակեցնելով․ - «Կրոնական փոքրամասնությունների նկատմամբ խտրական վերաբերմունք են դրսևորել քաղաքական գործիչները, լրատվամիջոցները, որոնք հաճախ վերջիններին որակել են «աղանդներ» կամ «պետության թշնամիներ»:

Եհովայի վկաները զեկույցի հեղինակներին հայտնել են, որ ենթարկվել են անգամ ֆիզիկական ճնշումների և բախվել են վիրավորական արտահայտությունների՝ միաժամանակ նշելով, որ ոստիկանությունն, ընդհանուր առմամբ, օպերատիվ է արձագանքել նման միջադեպերը կանխելու համար։

Զեկույցը շեշտում է Հայ առաքելական եկեղեցու արտոնյալ կարգավիճակը. հասարակական կազմակերպությունների և կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչները նշում են, որ պետական պաշտոնյաները հաճախ Առաքելական Եկեղեցուց զատ մյուս կրոնական խմբերի մասին արտահայտվելիս օգտագործում են արհամարհական «աղանդ» բառը:

Աղանդների վնասակար ազդեցությանը պաշտոնյաներ, իշխանության մաս հանդիսացող տարբեր գործիչներ են անդրադարձել, այդ թվում ՝ իշխող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներ։

Վկայակոչելով հասարակական կազմակերպությունների ու կրոնական խմբերի հաղորդագրությունները՝ պետքարտուղարությունը առանձնացնում է զորակոչիկների հանդեպ ճնշումները: Փաստաթղթում հիշատակվում է մի դեպք, երբ պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող փոքրամասնական կրոնական խմբի անդամ զինվորին Առաքելական Եկեղեցու քահանայի ցուցումով ստիպել էին աղոթք ասել, իսկ հրամանատար սպան ճնշում էր գործադրել, որ նա հեռանա իր եկեղեցուց: «Զորակոչիկն իր կամքին հակառակ 8 ամիս մասնակցել էր Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու կրոնական ծիսակարգերին», - կարդում ենք զեկույցում:

ԱՄՆ պետքարտուղարությունը անդրադառնում է նաև զինվորական ծառայության ընթացքում կանոնավոր կերպով տեղի են ունեցող Առաքելական Եկեղեցու խմբակային մկրտություններին՝ ընդգծելով, որ դրանք տեղի են ունենում բանակի հրամանատարության աջակցությամբ: Զեկույցը արձանագրում է՝ դեկտեմբերի 6-ին հանրաքվեով ընդունված սահմանադրական փոփոխությունները վերաբերում են նաև կրոնական ազատություններին: Նոր սահմանադրությունը ներկայացնում է զինվորական ծառայությունից հրաժարվող անձանց համար գործող այլընտրանքային ծառայության տարբերակները:

Ամփոփելով 2015 թվականին Հայաստանում կրոնական ազատության իրավիճակը՝ զեկույցի հեղինակները նշում են, որ Միացյալ Նահանգների դեսպանը և դեսպանատան ներկայացուցիչները հրապարակավ և պաշտոնական բոլոր հանդիպումների ժամանակ կրոնական հանդուրժողականության կոչ են արել՝ ընդգծելով, որ բոլոր մարդիկ պետք է իրենց հավատն անարգել դավանելու հնարավորություն ունենան և պետությունը չպետք է կրոնական փոքրամասնությունների անդամներին դիտարկի որպես սպառնալիք։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG