Մատչելիության հղումներ

Դատարկվող Լիճք գյուղի դպրոցն ունի ընդամենը մեկ աշակերտ


Լիճքի դպրոցի պատմության ուսուցիչ Թագուհի Մարգարյանը:
Լիճքի դպրոցի պատմության ուսուցիչ Թագուհի Մարգարյանը:

Մեղրու տարածաշրջանի Լիճք գյուղի փողոցներում մարդկանց գրեթե չես հանդիպի: Անսովոր լռություն է տիրում:

Գյուղի դպրոցի պատմության ուսուցչուհի Թագուհի Մարգարյանը նոր ուսումնական տարվան ընդառաջ խիստ մտահոգ է՝ հնարավոր է, սեպտեմբերի 1-ին դպրոցի դռները չբացվեն:

«Ինքը բոլոր հիանալի պայմանները ունի, բացի ամենագլխավորից․ աշակերտներ չունենք: Որովհետև գյուղը աստիճանաբար դատարկվում է», - «Ազատության» հետ զրույցում ասաց ուսուցչուհին:

Գյուղում հիմա աշակերտներ չկան, դպրոցի երեք աշակերտներից երկուսը տեսափոխվել են այլ բնակավայր, մեկ աշակերտով դպրոցը չի գործի: Մարգարյանը կարծում է, որ աշակերտների տեղափոխման հիմնական պատճառը ծերացող համայնքն է․ - «Մենք մի քանի տարի ա, ամբողջ գյուղում մենակ մի հատ էրեխա ունեինք, ու էդ էրեխան շփվում էր բոլոր մեծահասակների հետ: Ու իսկապես, որ մտնում ես իրադրության մեջ, զգում ես, որ դա մի տեսակ ողբերգական էլ ա, որ ինքը մանկություն չի ունենա էրեխեքի հետ»:

Լիճքի նորակառույց դպրոցն ապահովված է անհրաժեշտ բոլոր պայմաններով, այստեղ աշխատում է յոթ ուսուցիչ, որոնք, սակայն, աշակերտներ չունեն:

Թագուհի Մարգարյանի խոսքով, իրենց դպրոցը ժամանակին եղել է տարածաշրջանում ամենահեղինակավոր դպրոցներից մեկը՝ մինչև հարյուր աշակերտով․ - «Մեր շրջանի դպրոցների տնօրենների մեջ գերակշեռ մասը հենց լիճքեցիներ են եղել ժամանակին: Մենք աշակերտ ունենք, որ հիմա գյուղինստիտուտում դասախոս ա, ստեղից ա գնացել, առանց կրկնուսույցի»:

Նա համոզված է, որ եթե դպրոցը փակվի, գյուղի վախճանը կմոտենա: Իրենք առայժմ մեկ աշակերտ ունեն, իսկ նվազագույնը երեք աշակերտ է պետք․ - «Երեքով կողքի գյուղում դպրոց կա: Հնարավոր ա, որ մեր մոտ էլ լինի»:

Լիճքի բնակիչները գյուղի դատարկվելը կապում են աշխատանքի բացակայության հետ:

«Որովհետև ժողովրդին, երիտասարդությանը ոչ մի աշխատանք չունեն, ստիպված գնում են կենտրոնները, որ ընդեղ աշխատանք փնտրեն, ու երեխաներն էլ հիմնականում գնում են: Դրա համար գյուղը դառնում ա քայքայված: Գյուղը քայքայվեց՝ դպրոցը որտեղի՞ց պտի մնա: Եթե ժողովուրդ չեղավ, երիտասարդություն չեղավ, գյուղը որտեղից պտի գոյատևի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG