Մատչելիության հղումներ

Քլինթոնը խոստանում է լինել «բոլորի նախագահը», նաև անխնա քարկոծում է Թրամփին


Հիլարի Քլինթոնը՝ դեմոկրատների կողմից երկրի նախագահի թեկնածության առաջարկն ընդունելուց հետո, Ֆիլադելֆիա, 28-ը հուլիսի, 2016 թ․
Հիլարի Քլինթոնը՝ դեմոկրատների կողմից երկրի նախագահի թեկնածության առաջարկն ընդունելուց հետո, Ֆիլադելֆիա, 28-ը հուլիսի, 2016 թ․

Հարցումները, սակայն, փաստում են, որ նոյեմբերին կայանալիք ընտրություններից 100 օր առաջ, Հիլարի Քլինթոնը վստահության լուրջ պակաս ունի ամերիկացիների շրջանում:

Վստահ, հաստատակամ ու լավատես: Հենց այսպիսին էր Հիլարի Քլինթոնը երեկ՝ դեմոկրատների պատմական առաջարկն ընդունելիս, որից հետո նա դարձավ Միացյալ Նահանգների նախագահության առաջին կին թեկնածուն: Նրա աջակիցների թնդացող ծափերի ու ողջյունների ներքո ԱՄՆ-ի նախկին պետքարտուղարը խոստացավ լինել անխտիր բոլորի, և՛ իր օգտին քվեարկածների, և՛ չքվեարկածների նախագահը, ով կանի առավելագույնը՝ Ամերիկայի բարգավաճման համար:

«Իմ գերակա խնդիրն է՝ ստեղծել նոր հնարավորություններ ու նոր աշխատատեղեր՝ առավել բարձր վարձատրությամբ»,- հայտարարեց Քլինթոնը, փաստելով՝ Նահանգների տնտեսությունը դեռ հարկ եղածին պես չի աշխատում: «Մենք ձգտում ենք ունենալ մի երկիր, որտեղ տնտեսությունն աշխատում է բոլորի, ոչ թե միայն վերևների համար, որտեղ կարող ես գտնել լավ աշխատանք ու քո երեխաներին լավ դպրոց ուղարկել՝ անկախ բնակությանդ վայրից: Մի երկիր, որտեղ բոլոր երեխաները կարող են երազել, և այդ երազանքները կարող են իրականություն դառնալ, որտեղ ընտանիքներն ամուր են, համայնքներն՝ անվտանգ, և որտեղ սերը հաղթում է ատելությանը: Սա է այն ապագան, որին մենք ձգտում ենք»,- իր ելույթում պատկերավորեց Հիլարի Քլինթոնը:

Պնդելով, թե իր մրցակից՝ հանրապետական Դոնալդ Թրամփը փորձում է պառակտել Ամերիկան, նախկին պետքարտուղարը փաստեց՝ երկիրն այժմ կանգնած է մի շարք ներքին ու արտաքին մարտահրավերների առջև: Նա նաև համախմբման կոչ արեց՝ «Մենք առավել ուժեղ ենք, երբ միասին ենք: Սա ոչ միայն իմ կարգախոսն է, ոչ էլ լոկ դաս՝ պատմությունից: Սա ուղենշային սկզբունք է եղել Ամերիկայի համար, որ մենք ժառանգել ենք և այն երկրի համար, որ մենք կառուցում ենք: Ամերիկան կարիք ունի, որ մեզնից յուրաքանչյուրն իր էներգիան, տաղանդն ու հավակնությունները ներդնի՝ երկրի հզորացման ու ամրապնդման համար»:

Մոտ մեկ ժամանոց իր ելույթում Քլինթոնը մի քանի անգամ սուր քննադատության ենթարկեց մրցակցին՝ Դոնալդ Թրամփին՝ պնդելով, թե երբևէ քաղաքականությամբ չզբաղված և ամղկահարույց հայտարարություններով հայտնի միլիարդատերը վտանգավոր է ոչ միայն Նահանգների, այլև ողջ աշխարհի համար: «Հարցրեք ինքներդ ձեզ, իսկապե՞ս կարծում եք, որ Թրամփի խառնվածքի տեր մարդը կարող է լինել Ամերիկայի գերագույն գլխավոր հրամանատարը...նա նույնիսկ չի կարողանում քարոզարշավի խառնաշփոթը կարգավորել և կորցնում է հավասարակշռությունը ցանկացած փոքր սադրանքից, ասենք՝ լրագրողի սուր հարցից կամ ցուցարարի հանդիպելիս: Հիմա, եթե կարող եք, պատկերացրեք նրան նստած նախագահական պալատում՝ իրական ճգնաժամի պահին: Չի կարելի միջուկային զենք վստահել մեկին, ում կարող ես անգամ «Թվիթեր»-ի մի գրառմամբ հունից հանել»,- իր ելույթում նշեց Քլինթոնը:

Հակադարձելով Թրամփի այն հայտարարություններին, թե երկիրը գտնվում է անդունդի եզրին՝ 68-ամյա Հիլարի Քլինթոնը հայտարարեց՝ Ամերիկան հզոր է և մի՛շտ այդպիսին կլինի: «Մենք քաջատեղյակ ենք, թե ինչ խնդիրներ կան երկրում, սակայն, դրանցից չենք վախենում և պատրաստ ենք դիմակայել, ինչպես նախկինում»,- իր ծրագրային առաջին ելույթում վստահեցրեց նախագահի դեմոկրատ թեկնածուն:

Հարցումները փաստում են, որ նոյեմբերին կայանալիք ընտրություններից 100 օր առաջ Քլինթոնը վստահության լուրջ պակաս ունի ամերիկացիների շրջանում, որոնք անցած 25 տարիներին բազմիցս են նրա անվան հետ կապված աղմկահարույց պատմություններ լսել ու սկանդալների ականատես դարձել: Վճռորոշ մրցապայքարում Քլինթոնին աջակցելու համար նախորդ օրերին բեմ բարձրացան դեմոկրատական էլիտայի գրեթե բոլոր ներկայացուցիչները, այդ թվում՝ գործող նախագահ Բարաք Օբաման: Համագումարի ամենաազդեցիկ պահը, սակայն, մահմեդական Խիզր Խանի ելույթն էր, ով Իրաքյան պատերազմում 27-ամա որդուն է կորցրել:

«Թրամփ, քո նախագահության օրոք իմ որդին չէր կարող ապրել Նահանգներում»,- հայտարարեց որդեկորույս հայրը` հիշեցնելով մահմեդականներին Միացյալ նահանգներից արտաքսելու մասին Թրամփի հայտարարությունները: Ապա, նա շարունակեց՝ «Դոնալդ Թրամփ, դու կոչ ես անում ամերիկացիներին՝ քեզ վստահել իրենց ապագան, սակայն, թույլ տուր հարցնել՝ երբևէ կարդացե՞լ ես Միացյալ նահանգների Սահմանադրությունը, երբևէ եղե՞լ ես Արլինգթոնի գերեզմանատանը: Գնա և տես այն հայրենասերների գերեզմանները, որոնք զոհվել են հանուն Ամերիկայի՝ անկախ իրենց սեռից, հավատքից ու ազգությունից: Մինչդեռ, դու որևէ մեկին ու որևէ բան չես զոհաբերել հանուն այս երկրի»:

Դեմոկրատների համագումարից անմիջապես հետո Դոնալդ Թրամփը «Թվիթեր»-ում քննադատության տարափ հեղեց՝ մեկը մյուսի ետևից վեց գրառում թողնելով Քլինթոնի հասցեին: «Չկա մեկը, որ Քլիթոնից վատը լինի որոշում կայացնելիս, կոռուպցիան ու հիասթափությունն է ուղեկցում նրան ամենուր»,- մասնավորապես, գրել է հանրապետական Թրամփը: Ակնկալվում է, որ նախագահության երկու մրցակիցների առաջին դեմ առ դեմ բանավեճը տեղի կունենա սեպտեմբերի վերջին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG