Մատչելիության հղումներ

Թուրքիայում տասնյակ ԶԼՄ-ներ են փակվել


Թուրք ոստիկանները բռնությամբ ցրում են իշխանությունների կողմից գրավված «Զաման» պարբերականի աջակիցների ցույցը, 5-ը մարտի, 2016 թ․
Թուրք ոստիկանները բռնությամբ ցրում են իշխանությունների կողմից գրավված «Զաման» պարբերականի աջակիցների ցույցը, 5-ը մարտի, 2016 թ․

«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը դատապարտել է մամուլի դեմ Թուրքիայի իշխանությունների գործադրած՝ «աստիճանաբար ավելի սպառնալից չափեր ընդունող» ճնշումները:

Թուրքիայում վերջին օրերին տասնյակ լրատվամիջոցներ՝ թերթեր, հեռուստաընկերություններ, լրատվական գործակալություններ ու հրատարակչություններ են փակվել: Այս երկրում մամուլի հանդեպ բավական խիստ սահմանափակումներ սկսեցին կիրառվել հատկապես հուլիսի 15-ի հեղաշրջման ձախողված փորձից հետո հայտարարված արտակարգ դրության պայմաններում: Արտակարգ դրության հայտարարման մասին որոշումը հրապարակվել էր Թուրքիայի պաշտոնաթերում:

«Հյուրիեթ Դեյլի Նյուզ»-ի փոխանցմամբ, փակված լրատվամիջոցների թվում են 45 թերթ, 16 հեռուստաընկերություն, 23 ռադիոկայան, 3 լրատվական գործակալություն, 15 ամսագիր, 29 հրատարակչություն: Դրանց շարքում են հայտնվել, մասնավորապես, այնպիսի հայտնի լրատվամիջոցներ, ինչպիսիք են «Դեյլի Զաման»-ը, նույն թերթի անգլերն տարբերակը՝ «Թուդեյս Զաման»-ը, «Թարաֆ», «Միլիեթ» թերթերը, «Չիհան», «Մուհաբիր», «Սեմ» գործակալությունները, «Կանալթուրք» հեռուստաընկերությունը:

Հուլիսի 27-ին Ստամբուլի դատախազությունը կարգադրություն է իջեցրել՝ ձերբակալելու «Զաման Մեդիա Գրուպ»-ի 47 նախկին աշխատակիցների, այդ թվում, լրագրողների և ղեկավար կազմի ներկայացուցիչների: Մինչ այդ, համապատասխան մարմիններն արդեն 42 լրագրողների ձերբակալման սանկցիա էին տվել: Թուրքիայի իշխանությունը «Զաման Մեդիա Գրուպ»-ը համարում է գյուլենական լրատվամիջոց, իսկ դրանում ներգրավված մարդկանց՝ քաղաքական հակառակորդ ֆեթուլլահ Գյուլենի աջակիցներ:

Դեռ այս տարվա մարտին թուրքական ոստիկանությունը ներխուժել էր իշխանությունների երկարամյա քննադատ «Զաման»-ի խմբագրատուն: Քիչ ավելի ուշ՝ «Զաման»-ի բոլոր աշխատակիցններն ազատվել էին աշխատանքից: Հոգաբարձունների խորհրդի կազմը փոխվել էր, ի հետևանք՝ թերթը որդեգրել էր իշխանամետ կեցվածք, կորցրել ընթերցողներին ու ի վերջո՝ փակվել:

«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը դատապարտել է մամուլի դեմ Թուրքիայի իշխանությունների՝ «աստիճանաբար ավելի սպառնալից չափեր ընդունող» ճնշումները: Կազմակերպության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանների բաժնի տնօրեն Յոհան Բիրհն ասել է՝ «Դժվար է հավատալ, որ Թուրքիայում ավելի ու ավելի ահագնացող հետապնդումները կատավում են միայն հեղաշրջման աջակիցներին բացահայտելու նպատակով»:

Նա հավելել է՝ «Ցավոք, ստիպված եմ կրկնել՝ կառվարությանը քննադատելն ու Գյուլենի շարժմանն աջակցող լրատավամիջոցներում աշխատելն ամենևին էլ հեղաշրջման փորձին առնչություն ունենալու ապացույց չէ: Եթե իշխանությունները չեն կարողանում ավելի համոզիչ ապացույցներ բերել, ուրեմն նրանք մեղավոր են, քանի որ հետապնդում են մարդկանց սեփական կարծիք ունենալու համար: Դա անընդունելի է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG