Մատչելիության հղումներ

Նոր գրոհներ Գերմանիայում


Ոստիկանները զննում են միջադեպի վայրը, Անսբախ, Գերմանիա, 24 հուլիսի, 2016թ.
Ոստիկանները զննում են միջադեպի վայրը, Անսբախ, Գերմանիա, 24 հուլիսի, 2016թ.

Մեկ շաբաթում զենքի կիրառմամբ չորս հարձակում:

Բավարիայի երկրամասում տեղի է ունեցել զենքի կիրառմամբ հերթական հարձակումը: Երեկ երեկոյան Անսբախ ավանում բացօթյա երաժշտական փառատոնի մոտակայքում գտնվող գինետան տարածքում մի 27-ամյա սիրիացի փախստական ինքնաշեն ռումբ է պայթեցրել: Պայթյունից նա տեղում սպանվել է, վիրավորվել է 12 մարդ, երեքի վիճակը ծանր է:

Բավարիայի ներքին գործերի նախարար Հոախիմ Հերմանն ասել է, որ սիրիացին, ամենայն հավանականությամբ, առաջնորդվել է ծայրահեղ իսլամիստների գաղափարներով:

«Նա մտադիր էր սպանել հնարավորինս մեծ թվով մարդկանց», - ասել է Հերմանը, տեղեկացնելով, որ սպանված սիրիացու ուսապարկում եղել է ոչ միայն պայթուցիկ սարք, այլև մետաղի մանր բեկորներ, և եթե սիրիացին հասներ երաժշտասերների ամբոխին, ապա պայթյունի հետևանքներն անհամեմատ ավելի ծանր կլինեին:

Գերմանիայի իրավապահները 27-ամյա սիրիացի փախստականի անունը չեն հրապարակում: Հայտնի է, որ ապաստան ստանալու նրա դիմումը մեկ տարի առաջ մերժվել է:

Պայթյունից րոպեներ առաջ նա փորձել է մտնել երաժշտական բացօթյա փառատոնի հրապարակ, որտեղ հավաքվել էր մոտ 2 հազար երկրպագու, սակայն փառատոնի անվտանգության ծառայությունը նրա մուտքն արգելել է: Դրանից հետո սիրիացին գնացել է «Յուգենս Վայնշտյուբե» գինետուն, որտեղ գործի է դրել ինքնաշեն պայթուցիկը:

Դեպքի վայր ժամանած ոստիկաններն անմիջապես փակել են տարածքը, տարհանել երաժշտական փառատոնի մասնակիցներին:

Սիրիացին ժամանակին հոգեբույժի օգնություն է ստացել, ուներ ինքնասպանություն գործելու մտադրություն, ուներ թմրադեղի հետ խնդիրներ: Նա երկու տարի առաջ է ժամանել Գերմանիա և ապաստանի դիմումի մերժումից հետո պետք է արտաքսվեր Բուլղարիա:

Գերմանիայի ներքին գործերի նախարարության խոսնակ Տոբիաշ Պլատեն Բեռլինում պարզաբանել է փախստականներին երկրից արտաքսելու հարցը:

«Սիրիացիներին այս պահին հնարավոր չէ արտաքսել Սիրիա, բայց դա բնավ չի նշանակում, որ սիրիացիներին ընդհանրապես հնարավոր չէ արտաքսել: Կոնկրետ այս դեպքում Անսբախում այդ անձը ենթարկվելու էր դեպորտացիայի և պետք է ուղարկվեր Բուլղարիա»,- ասել է Պլատեն:

Սա արդեն առնվազն չորրորդ գրոհն է Գերմանիայում: Նույն օրը՝ հուլիսի 24-ին, Սիրիայից մեկ ուրիշ փախստական Ռոյթլինգեն ավանում դանակահարել և սպանել է մի կնոջ և վիրավորել ևս երկու մարդու: Նրան ձերբակալել են:

Հուլիսի 22-ին Մյունխենում ծագումով իրանցի 18-ամյա երիտասարդը առևտրի կենտրոնի մոտ հրազենից կրակ է բացել պատահական անցորդների վրա, սպանել է 9-ը մարդու, ապա անձնասպան է եղել:

Իսկ հուլիսի 18-ին էլ Տրոյխթլինգենից Վյուրցբուրգ մեկնող գնացքում կացնով և դանակով զինված, «Ալլահւ աքբար» վանկարկող մի 17-ամյա պակիստանցի հարձակվել է ուղևորների վրա, վիրավորել 5 մարդու: Ոստիկանները նրան սպանել են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG