Մատչելիության հղումներ

Իրավապաշտպաններ․ Ոստիկանության բռնությունները արվում էին նախագահ Սերժ Սարգսյանի գիտությամբ ու թույլտվությամբ


Հուլիսի 17-ից ի վեր ոստիկանության գործողությունները սանձարձակ էին, նման էին անցած դարի երկրորդ կեսին Լատինական Ամերիկայի բռնապետություններում անվտանգության ուժերի գործելաոճին, և այդ ամենը արվում էր նախագահ Սերժ Սարգսյանի գիտությամբ ու թույլտվությամբ, «Կիրակնօրյա վերլուծական Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ, հայտարարեցին իրավապաշտպաններ Ժաննա Ալեքսանյանն ու Վարդան Հարությունյանը:

Իրավապաշտպանների հաշվարկներով, «Սասնա ծռեր» խմբավորման կողմից ոստիկանության գնդի տարածքը գրավելուց հետո ոստիկանները բերման են ենթարկել մի քանի հարյուր քաղաքացու:

«Գերի էին պահում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին այդ զորանոցներում ձեռքերը վեր պարզած, օգնություն չցուցաբերելով: Ես բազմաթիվ ահազանգեր էի ստանում առևանգված քաղաքացիների մասին կամ ծեծերի: Եթե ասում է ոստիկանը Անդրանիկ Ասլանյանին՝ դու կոշիկս պետք է լպստես․․․ սա հասնում է արդեն այլասերության», - հայտարարեց իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը:

Նա ընդգծեց, որ ոստիկանությունը իրավունք չունի բերման ենթարկվածին պահել զորամասում․ - «Մի փոքր աղջկա ես տեսա, որ ծեծել են հանրահավաքին մասնակցելու համար: Դեմքը ամբողջ կապտած: Եվ վեցերորդ օրը Սերժ Սարգսյանը խոսեց, իրավապահներին ասաց, որ՝ աշխատեք օրենքի շրջանակներում: Այսինքն, այնքան աղաղակող էին այդ բռնությունները, որ վստահ եմ, որ Սերժ Սարգսյանը տեղյակ էր և ոստիկանությունը ուներ այդ ազատությունը բռնություններ գործադրելու, մարդկանց հետապնդելու և այլն»:

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանի խոսքով, նախորդ օրերին ոստիկանության գործողությունները բնորոշ էին բռնապետական երկրների իրավապահ մարմիններին․ - «Այն, ինչ մենք տեսանք այդ օրերին, կարդացել ենք 70-ականների Լատինական Ամերիկայի մասին գրքերում: Չիլիում էին մարդկանց հավաքում, տանում ստադիոններում փակում, հետո սկսում նրանց խմբավորման ենթարկել․ սրանց պատժել, նրանց բաց թողնել և այլն: Արգենտինայում էր նման բան լինում, Խորհրդային Միությունում՝ 30-ական թվականներին»:

Հատուկ քննչական ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, «ոստիկանների գործողությունների հետևանքով հասարակության և պետության օրինական շահերին պատճառվել է էական վնաս» և հարուցվել է քրգործ՝ ոստիկանների կողմից գործադրված բռնությունների և պաշտոնեական դիրքի չարաշահման փաստերով:

Իրավապաշտպանները թերահավատ են, որ ՀՔԾ քննությունը այս անգամ մեղավորներ կհայտնաբերի ոստիկանության շարքերում:

Անցած տարվա հունիսի 23-ին Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած դեպքերից մեկ տարի անց էլ Հատուկ քննչական ծառայությունը դեռ ուսումնասիրում է՝ արդյո՞ք ոստիկանները բռնություն կիրառել էին քաղաքացիների և լրագրողների նկատմամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG