Մատչելիության հղումներ

Փաշինյանը կրկին լքում է Խորենացի փողոցի հարթակը


Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Խորենացի փողոցում հրավիրված հավաքում այսօր հայտարարեց, որ ինքը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հարթակը զիջում են «Սասնա ծռերի» կողմից լիազորված խորհրդին։

Այսօր ավելի վաղ «Սասնա ծռեր» խմբի անդամ, «Հիմնադիր խորհրդարանի» խոսնակ Վարուժան Ավետիսյանը հայտարարել էր, թե Փաշինյանը փորձում է օգտագործել բարձրացող ժողովրդական շարժումը իր անձնական, կուսակցական նեղ շահերը սպասարկելու համար։

Պատգամավորն իր ելույթում հիշեցրեց, որ Վարուժան Ավետիսյանը նաև ասել է, թե Փաշինյանն «արյան վրա իր ձեռքերն է տաքացնում»։

«Ուրեմն, որ ամսի 20-ին երբ ինչ-որ մարդիկ ուզում էին, որ այստեղ արյուն հեղվի, ինչի՞ համար էին դա ուզում, որ իրենց ձեռքերը դրա վրա տաքացնե՞ն», - հարցրեց Փաշինյանը։ - «Այսօրվա հայտարարություններից հետո իմ այստեղ գտնվելը դառնում է անհնարին, որովհետև չի կարող լինել այնպես, որ այն հավաքը, այն պրոցեսը, որին ես մասնակցում եմ, այդտեղ մարդ զոհվի։ Չի լինելու նոր արյուն»։

«Սասնա ծռեր» կոչվող խմբի կողմից հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրավելուց հետո Նիկոլ Փաշինյանն այցելել էր իրավապահների կողմից արգելափակված այդ տարածք, հանդիպումներ ունեցել խմբի անդամների հետ ու հետո արդեն խմբին սատարելու եկած քաղաքացիների հետ երեկոները անցկացրել Խորենացի փողոցում։ Հուլիսի 21-ին «Սասնա ծռեր» խմբի անդամները նրան ակնարկել էին, որ իր ներկայությունը ցանկալի չէ, ինչից հետո ընդդիմադիր պատգամավորը հայտարարեց, որ այլևս չի գնա Խորենացի։ Երեկ, սակայն, նա փոխեց իր որոշումը՝ վկայակոչելով հարյուրավոր քաղաքացիների խնդրանք-պահանջները՝ վերադառնալու հանրահավաքի վայր։ Ընդ որում, վերադառնալով՝ նա հայտարարել էր, որ եթե ժողովուրդը որոշի, որ պետք է իշխանափոխություն լինի, ինքը կառաջնորդի այդ գործընթացը:

«Այսօր ձևավորվել է խորհուրդ, որը, ինչքան հասկանում եմ, լիազորված է նաև «Սասնա ծռերի» կողմից՝ ղեկավարել այս պրոցեսը։ Եվ թող որևէ մեկը չմտածի, որ ես կամ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը որևէ տեղ լիդերության կռիվ կանի։ Հիմա այս հարթակը կդատարկվի, և թող ղեկավարեն նրանք, ովքեր ուզում են ղեկավարել», - հայտարարեց Փաշինյանը՝ իր աջակիցների հետ հեռանալով Խորենացի փողոցի հարթակից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG