Մատչելիության հղումներ

«Սասնա ծռեր»-ը հայտարարում են, որ չեն լքելու ՊՊԾ գնդի տարածքը


«Սասնա ծռեր» զինված խմբի անդամների մամլո ասուլիսը ՊՊԾ գնդի չեզոք տարածքում, 23-ը հուլիսի, 2016 թ․
«Սասնա ծռեր» զինված խմբի անդամների մամլո ասուլիսը ՊՊԾ գնդի չեզոք տարածքում, 23-ը հուլիսի, 2016 թ․

Լրագրողների հետ հանդիպմանը նրանք նաև հավաստիացրեցին, թե իրենց պահանջները մնում են ուժի մեջ:

Այսօր ԼՂ խորհրդարանի պատգամավոր Վիտալի Բալասանյանի, Հայաստանի ԱԱԾ ղեկավար Գեորգի Կուտոյանի և ՊՊԾ գնդի տարածքը գրաված զինված խմբի անդամներից Վարուժան Ավետիսյանի միջև տեղի ունեցած բանակցությունների արդյունքում համաձայնություն ձեռք բերվեց ՊՊԾ գնդի տարածքի չեզոք գոտում մամուլի կենտրոն ստեղծելու շուրջ:

Այսօր իսկ ժամը 16-ի շրջանում լրագրողները ոստիկանների ուղեկցությամբ մեքենաներով տեղափոխվեցին նշված գոտի: Այնտեղ լրագրողներին մանրազնին ստուգման ենթարկելուց հետո ոստիկանները նրանցից վերցրեցին բջջային հեռախոսներն ու համացանցին միանալու սարքերը, որից հետո միայն թույլատրեցին՝ մուտք գործել մամուլի ասուլիսի համար նախատեսված տարածք: Քիչ ավելի ուշ պարզվեց, որ նախապես պայմանավորվածություն է եղել, որ լրագրողները մամլո ասուլիսին ներկա գտնվեն հեռախոսներով ու այլ սարքավորումներով և համացանցով ուղիղ հեռարձակեն ասուլիսը: Դա առաջացրեց «Սասնա ծռեր»-ի անդամների զայրույթը: Մոտ կես ժամ անց, սակայն, նրանց հիշյալ պահանջը կատարվեց, և տեխնիկան վերադարձվեց լրագրողներին:

Իրենց ելույթներում «Սասնա ծռեր»-ի անդամներն տեղի ունեցած բանակցությունների մասին մի քանի բացահայտումներ արեցին: Մասնավորապես, պարզ դարձավ, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել պատանդ պահվողներից Ոստիկանության պետի տեղակալ, գեներալ Վարդան Եղիազարյանին և Երևանի փոխոստիկանապետ, գնդապետ Վալերի Օսիպյանին ազատ արձակելու դիմաց շուրջօրյա ռեժիմով գործող մամուլի կենտրոն ստեղծելու շուրջ: Ըստ Ավետիսյանի, նաև լրագրողների ներկայությունը պետք է իրենց անվտանգության երաշխիքներից մեկը լինի:

Զինված խմբի անդամներից և՛ Վարուժան Ավետիսյանը, և՛ Պավլիկ Մանուկյանն ասացին, թե լսել են, որ ոստիկանապետը հայտարարել է, թե գրոհելու են իրենց: Իրենք էլ հայտարարեցին, թե պատրաստ են այդ գրոհին: Ասացին նաև, որ «Սասնա ծռեր»-ի պահանջները նույնն են մնացել, ոչինչ չի փոխվել՝ «շարունակում են պահանջել Սերժ Սարգսյանի հրաժարականը, քաղբանտարկյալների, այդ թվում՝ Ժիրայր Սեֆիլյանի ազատ արձակումը»:

ՊՊԾ գնդի տարածքի չեզոք հատվածում մամլո ասուլիսի մասնակիցներին միացավ նաև բանակցությունների ակտիվ մասնակից՝ ԼՂ խորհրդարանի պատգամավոր, գեներալ Վիտալի Բալասանյանը: Նա ասաց, որ կամովին է ստանձնել միջնորդի դերը, քանի որ խմբի անդամներից շատերը ղարաբաղյան պատերազմի ժամանակ իր զինակիցներն են եղել ու նրանց լավ է ճանաչում: Բալասանյանն ասաց, որ այսօր խոսել է նաև Ժիրայր Սեֆիլյանի հետ, և վերջինս պնդել է, թե այլևս չի պահանջում Սերժ Սարգսյանի հրաժարականը: Բալասանյանը նաև հայտարարեց, թե իր տվյալներով, «Սասնա ծռեր»-ի անդամներից շատերը ևս արդեն չեն պահանջում Սարգսյանի հրաժարականը: Սակայն, նույն պահին էլ՝ Բալասանյանից ոչ հեռու գտնվող՝ «Սասնա ծռեր»-ի անդամներից մի քանիսը հակադարձեցին՝ «պետք չէ լսել Վիտալի Բալասանյանին, քանի որ իրենք շարունակում են պահանջել Սերժ Սարգսյանի հրաժարականը»,- ասացին նրանք:

Զինված խմբի անդամները լրագրողներին նաև հայտնեցին, իրենք շարունակելու են մնալ գրավված տարածքում, հավելեցին, որ ԱԱԾ ղեկավարի հետ պայմանավորվածություն ունեն, որ մամուլի կենտրոնը գործելու է 15 օրից մինչև մեկ ամիս: Հետագա քայլերի հետ կապված՝ նրանց պատասխանները տարբեր էին՝ Վարուժան Ավետիսյանն ասում էր, որ իրենց պահանջներին հասնելու ճանապարհները «չեն բացահայտի», Պավլիկ Մանուկյանն էլ նշում էր, թե պատրաստ են այլ գործողությունների և միայն «այս գործողությամբ» չեն սահմանափակվի:

Խմբի անդամները նաև ասացին, թե բավարար զենք ունեն դիմադրելու համար և դեռ կմնան տարածքում: Վիտալի Բալասանյանը, մինչդեռ, պնդեց՝ խմբի անդամները 1-2 օրվա ընթացում պետք է վայր դնեն զենքերը, հավաստիացնելով՝ Սերժ Սարգսյանը իրավապահներին հանձնարարել է՝ խմբի անդամների նկատմամբ ուժ չկիրառել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG