Երեկ ձերբակալվել է քաղաքացիական ակտիվիստ Անի Նավասարդյանը: Նա այժմ ժամանակավոր պահման մեկուսարանում է: Հիշեցնենք՝ Անի Նավասարդյանը Խորենացի փողոցում վերջին օրերին տեղի ունցած հավաքներից մեկում հայտարարել էր, թե իր ազգականը ՊՊԾ գնդի տարածքը գրաված՝ «Սասնա ծռեր» խմբի անդամներից մեկն է: Ի դեպ, 2 օր առաջ հենց Անի Նավասարդյանն էր վարում հավաքը:
Նրա պաշտպան Ստեփան Ոսկանյանը «Ազատությանն» ասաց, որ Անին ձերբակալվել է «զանգվածային անկարգություններ հրահրելու» կասկածանքով: «Եթե մեղադրանք ներկայացվի, նոր արդեն մեղադրանքի շուրջ մենք դիրքորոշում կհայտնենք»,- ասաց փաստաբանը: Հարցին ի պատասխան՝ Անին իրեն մեղավոր ճանաչու՞մ է, Ստեփան Ոսկանյանը կրկնեց՝ «Քանի դեռ մեղադրանք առաջադրված չէ, այս պահին ձեռնպահ ենք մնում դիրքորոշումներից և գնահատականներից, քանի որ կարող է և չառաջադրվի մեղադրանք»:
Նշենք, որ Անի Նավասարդյանը հրաժարվել է ցուցմունք տալ, նրա ձերբակալության ժամկետը լրանում է 72 ժամ անց: