Մատչելիության հղումներ

Վիտալի Բալասանյան. Պայմանավորվածություն է ձեռք բերվել պատանդներին ազատ արձակելու շուրջ


ԼՂ Ազգային ժողովի պատգամավոր, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը հայտարարել է, որ հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրաված զինված խմբի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել բոլոր պատանդներին ազատ արձակելու շուրջ, պատանդ վերցված երկու ոստիկաններ արդեն իսկ ազատ են արձակվել:

«Ազատության» տեղեկություններով, ավելի վաղ Բալասանյանի միջնորդությամբ տեղի է ունեցել հանդիպում ՊՊԾ գնդի տարածքը գրաված զինված խմբի ներկայացուցիչների և Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գեորգի Կուտոյանի միջև:

«Այն տղաները, որոնք գտնվում են զորամասում` մեր մարտական ընկերների և երիտասարդ այդ տղաների հետ համատեղ, որոշում ենք կայացրել, որպեսզի քայլ անենք, շարքային երկու ոստիկաններին առանց որևէ պայմանավորվածության ազատ ենք արձակել», - «Շանթ» հեռուստատեսության եթերում քիչ առաջ ասել է Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը, ում միջնորդությամբ այս օրերին բանակցություններ են վարվում ԱԱԾ-ի և զինված խմբի միջև:

«Հիմա գործընթաց է գնում, մենք պայմանավորվածություն ունենք` երևի մի քանի ժամից հարցերը կունենան պատասխան, որպեսզի մենք լրատվամիջոցները ապահովենք նեյտրալ գոտում, որը վերահսկվում է ոստիկանության և ազգային անվտանգության ծառայությունների կողմից, շուրջօրյա մամուլի ծառայություն կապահովենք և միաժամանակ` այդ պահին, մնացած երկու պատանդներին կազատեն` Եղիազարյանին և Օսիպյանին», - հավելել է Բալասանյանը: - «Դա ոչ թե փոխանակում է, դա քայլ է, որը կատարվել է մեր բոլորի կողմից` իմ միջնորդությամբ», - ընդգծել է նա:

Հիշեցնենք` մինչև այս հայտարարությունը ՊՊԾ գնդի տարածքում պատանդի կարգավիճակում մնում էին 4 ոստիկաններ, այդ թվում` Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը և ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG