Մատչելիության հղումներ

Քաղաքացիների նկատմամբ ոստիկանների բռնությունների առնչությամբ առայժմ քրեական գործ չի հարուցվել


Հատուկ քննչական ծառայությունում դեռ ուսումնասիրում են՝ արդյոք ոստիկանները Խորենացի փողոցում, Տիգրան Մեծ պողոտայում և Ազատության հրապարակում այս օրերին բռնություն կիրառե՞լ են քաղաքացիների նկատմամբ, թե՞ ոչ։ «Ազատության» հետ զրույցում ծառայության մամուլի քարտուղար Միքայել Ահարոնյանը նշեց, որ քրեական գործ դեռ չի հարուցվել, իրենք ուսումնասիրում են քաղաքացիների կողմից ներկայացված հաղորդումները և մամուլի հրապարակումները։

Փոխարենը՝ երեկ Քննչական կոմիտեում էր քրեական գործ հարուցվել զանգվածային անկարգությունների ժամանակ բռնություն գործադրելու, իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելու հոդվածով,16 քաղաքացի ձերբակալվել էր: Այսօր ձերբակալվածների թիվն ավելացել է․ Քննչական կոմիտեից փոխանցեցին, որ թիվը կհստակեցնեն ավելի ուշ։

Արսեն Թադևոսյանը, ով երեկ «Ազատության» եթերում իր նկատմամբ ոստիկանության բռնությունների մասին էր բարձրաձայնում, նույնպես ձերբակալվածների թվում է։ Նրա ընկերը՝ Արեգ Փիլիպոսյանը, «Ազատությանը» փոխանցեց, որ հուլիսի 21-ի գիշերը ոստիկաններն ընկերոջը ծեծել ու կոտրել են ծնոտը, ապա բերման ենթարկել՝ թողնելով առանց բուժօգնության։ Առավոտյան շտապօգնության մեքենայով նա Էրեբունի բժշկական կենտրոն է տեղափոխվել։ Ավելի ուշ, երբ Արսենը գնացել է Շենգավիթի ոստիկանության բաժանմունք իր իրերը վերցնելու ու հանցագործության մասին հաղորդում ներկայացնելու համար, նրան ձերբակալել են։

«Արսենը գնաց իր գույքը վերցնելու, և մի քանի ժամ ես իրենից տեղեկություն չունեցա: Անընդհատ ճշտեցինք, ճշտեցինք, բայց՝ ապարդյուն: Դիմեցինք Մարդու իրավունքների գրասենյակ, ինտերնետով բավականին հայտարարություններ գրեցինք, վերջում պարզեցինք, որ Արսենը ձերբակալված է մասսայական անկարգություններին մասնակցելու կասկածով և իրենց տեղափոխել են Հրազդան», - պատմում է Արեգը:

Ոստիկանության գործողություններից նույն օրը նաև Հարություն Աղլամազյանն է տուժել։ Ասում է՝ ոստիկաններն այնպես են ծեծել, որ տնից դուրս գալ չի կարողանում, հանցագործության մասին թեև հաղորդում ներկայացրել է, սակայն հույս չունի որ մեղավորները պատասխանատվության կկանչվեն։

«Ես Արաբկիրի բաժնում եղել եմ երեկ 4:30-ից 5-ի կողմերը և մինչև երեկոյան 8-ը այնտեղ եմ եղել: Այնտեղ է պահանջում էի, որպեսզի բժիշկ գա, որովհետև չէի կարողանում քայլել: Հետո եկա տուն՝ նոր զանգեցի շտապօգնության մեքենային՝ եկան-նայեցին, ասացին՝ սալջարդ է եղել», - պատմում է Աղլամազյանը:

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանի խոսքով, Հայաստանում ավանդույթ է դարձել, որ ցուցարարների դեմ բռնություն կիրառելուց հետո հենց նրանց դեմ են քրեական գործեր հարուցվում։ - «Եկել է մի պահ, որ իշխանությունները պետք է հասկանան՝ այս գործելակերպին պետք է վեր դրվի», - ասում է Հարությունյանը։ - «Այդպես եղել է 2004 թվականի նախագահական ընտրություններից հետո, այդպես եղել է 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո՝ մարտի 1-ից առաջ և հաջորդած ժամանակահատվածներում, այդպես եղել է միշտ: Ես չգիտեմ ի՞նչ պետք է կատարվի մեր երկրում, որ իշխանությունները սթափվեն և հասկանան, որ չի կարելի այդպես գործել և չի կարելի սեփական քաղաքացիների նկատմամբ այդպես վարվել: Այս վերջին դեպքերն անգամ նրանց չսթափեցրեցին և չկարողացան հասկանալ, որ հենց դա է պատճառը, որ մարդիկ վրդովված են այնքան, որ գնում են այսպիսի ծայրահեղ քայլերի կամ վրդովված են այնքան, որ սկսում են պաշտպանել ահա այսպիսի ծայրահեղ քայլերի գնացող մարդկանց», - շեշտում է իրավապաշտպանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG