Մատչելիության հղումներ

Մարտական հրաձգությամբ գումարտակային մարտավարական զորավարժություն ԼՂ ՊԲ-ում


ԼՂ ՊԲ զորավարժություններ, արխիվ
ԼՂ ՊԲ զորավարժություններ, արխիվ

Լեռնային Ղարաբաղի զինված ուժերում հուլիսի 18-ից Ղարաբաղի պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի ղեկավարությամբ մեկնարկած բազմաստիճան շտաբային զորավարժությունների շրջանակում այսօր բանակի «Տիգրանակերտ» զորավարժարանում անցկացվել է մարտական հրաձգությամբ գումարտակային մարտավարական զորավարժություն, որի ընթացքին հետևել են նաև բանակի հրամանատարի տեղակալները, շտաբի բաժինների և ծառայությունների պետերը, միավորումների և զորամասերի հրամանատարներն՝ իրենց տեղակալներով, ինչպես նաև հայկական երկու հանրապետությունների համագործակցության և փորձի շրջանակներում ԼՂ-ում գտնվող ՀՀ զինված ուժերի բարձրաստիճան սպայակազմի ներկայացուցիչներ:

Ներկայացնելով գումարտակային մարտավարական զորախաղերի առանձնահատկությունները՝ ՊԲ հրամանատարը նշել է, որ ինչպես համաբանակային նշանակության մյուս բոլոր միջոցառումները, տվյալ զորախաղերը ևս անցկացվում են տարածաշրջանային և աշխարհաքաղաքական արդի և հավանական իրողություններին համահունչ՝ հաշվի առնելով ապրիլյան պատերազմից արված հետևությունները:

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ մարտավարական զորավարժությունը մեկնարկել է պայմանական առաջնագծի վրա հակառակորդի հարձակմամբ, որն ուղեկցվել է հրետանու կրակով և դիվերսիոն-հետախուզական գործողություններով: «Հաջողությամբ ընդունելով առաջին հարվածը, շարունակելով մարտը և կիրառելով ստորաբաժանումների բոլոր հաստիքային զինատեսակները, մեր ուժերը կատարել են վերախմբավորումներ, ստեղծել անհրաժեշտ պայմաններ և օգնության եկած ուժերի հետ միասին անցնելով հակագրոհի վերականգնել են կորցրած դիրքերը», - ասված է հաղորդագրությունում։

Զորավարժության ամբողջ ընթացքում իրականացվել է կայուն և անընդհատ ղեկավարում, արագ փոփոխվող իրավիճակին հրամկազմը արձագանքել է անմիջապես, իսկ ենթակա ստորաբաժանումները խնդիրները կատարել են պատրաստության բարձր մակարդակով՝ պայմանական մարտադաշտում ի ցույց դնելով գերազանց պատրաստականություն և կրակային խոցման բարձր արդյունքներ, նշում է Լեռնային Ղարաբաղի ռազմական գերատեսչությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG