Մատչելիության հղումներ

Սարի թաղի բախումների գործով մեկ անձ ձերբակալվել է


Սարի թաղում երեկ երեկոյան ոստիկանության ու քաղաքացիների միջև տեղի ունեցած բախումից հետո հարուցված քրեական գործով այսօր ձերբակալվել է 38-ամյա Հ․ Թորոսյանը՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու կասկածանքով:

Հայաստանի քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրության համաձայն, Խորենացի փողոցին հարող Գլինկայի և Որմնադիրների փողոցների հատման վայրում մի խումբ անձինք բռնություն են գործադրել իրենց ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ՝ քարեր և այլ կոշտ առարկաներ նետելով նրանց ուղղությամբ։ Ոստիկանության 6 ծառայող տուժող է ճանաչվել:

Ոստիկանության և քաղաքացիների միջև տեղի ունեցած բախման մասին այսօր Սարի թաղում միայն ճանապարհի կենտրոնում մոխրացած աղբարկղներն ու մեքենաների մուտքը փակող աղյուսներն են հիշեցնում։ Խորենացի տանող ճանապարհը շարունակում է փակ մնալ, փողոցներում գրեթե մարդ չկա։ Թաղի երիտասարդները խուսափում էին խոսել տեղի ունեցածի մասին, իսկ ավելի տարեցները պատմում են, թե մի խումբ երիտասարդները ցանկացել են անցնել Խորենացի փողոց, «ինչ-որ մի օրգանի աշխատող քաշքշել է», որից հետո ձեռնամարտ է սկսվել:

«Մարդիկ չեն սկզբից միջամտել, օրգաննա միջամտել ու ըտենց ահագին կռիվ-դավի, ծեծոցի», - «Ազատության» հետ զրույցում պատմում էր մի քաղաքացի:

Սարիթաղցիների հավաստմամբ, դժգոհության պատճառը միայն փակ ճանապարհը չէ։ ՊՊԾ գնդի վրա հարձակումից հետ դադարեցվել է թաղի ջրի ու գազի մատակարարումը:

«Տրանսպորտ չկա, գազը չկա, ջուրը կտրել էին: Ամեն ինչը փակուղու մեջ է: Խոսել են՝ որ ինչո՞ւ է էս վիճակը, դուբինկայով խփել են ու էդտեղից էլ կռիվը սկսվել է», - պատմեց սարիթաղցի մի կին:

Քաղաքացիները պատմում են, որ իրենց ջրամատակարարումը այսօր վերականգնվել է, իսկ գազ չունեն արդեն երեք օր:

Կատարվածին տեղում ծանոթանալու համար երեկ «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանը փորձել էր մի խումբ լրագրողների հետ գնալ Սարի թաղ, սակայն բնակիչները թույլ չեն տվել մոտենալ միջադեպի վայրին, կոտրել են Իոաննիսյանի ավտոմեքենայի կողային հայելին ու պահանջել, որ հեռանան:

«Հետո պարզեցին, թե ով ենք, ինչ ենք», - պատմում է նա:

Միջադեպին է անդրադարձել ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը: Ըստ նրա, կենցաղային պայմաններից դժգոհություններ բախման ժամանակ առաջ չեն քաշվել. - «Ամբողջ հանրությունը տեսանյութը դիտել է, այնտեղ գազի, ջրի, համայնքի, համատիրության վճարի մասին խոսք չկար, այնտեղ կար հայհոյանք, այնտեղ կային նետվող քարեր»:

Փաստաբան Հայարփի Սարգսյանն «Ազատությանը» փոխանցեց, որ երեկ գիշեր Սարի թաղի միջադեպի առիթով բերման են ենթարկվել 2 քաղաքացի՝ Միքայել Նազարյանը և Արսեն Մանուկյանը: Բացի այդ՝ քաղաքացի Սևակ Ծատուրյանին ուղեկցել են բաժին՝ զրույցի համար: Փաստաբանի խոսքով, իր պաշտպանյալ Միքայել Նազարյանին ոստիկանության բաժնում ծեծել են:

«Ինքը ազատության մեջ է, պարզապես այն կարգի են ծեծել, որ շտապօգնության կարիք զգացվեց և տարան հիվանդանոց՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», - պատմում է փաստաբանը:

Արսեն Մանուկյանին ևս ազատ են արձակել․ փաստաբանն ասում է՝ կրկին բազմաթիվ վնասվածքներով:

«Ուղարկեցինք դատաբժշկի մոտ, որպեսզի վնասվածքները արձանագրվեն», - նշեց փաստաբանը:

Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն, քրեական գործի նախաքննության ընթացքում ներբեռնվել և ուսումնասիրվել են դեպքի վերաբերյալ համացանցում առկա տեսագրությունները։ Միջոցներ են ձեռնարկվում տեսանյութերում պատկերված անձանց ինքնությունը պարզելու, հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG