Ադրբեջանի իշխանությունները մտադիր են երկարաձգել նախագահի պաշտոնավարման ժամկետը մինչև 7 տարի՝ ներկայիս 5-ի փոխարեն: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայաբերելով երկրի Սահմանադրությունում փոփոխությունների նախագիծը:
Ադրբեջանի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայության փոխանցմամբ, Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու հարցով հանրաքվեի նախագիծը՝ համապատասխան առաջարկով, Իլհամ Ալիևը ուղարկել է Սահմանադրական դատարան:
Նախագծում առաջարկվում է նաև վերացնել նախագահի թեկնածուի տարիքային սահմանափակումը, որն այժմ սահմանված է նվազագույնը 35 տարեկանը:
Ադրբեջանական «Թուրան» գործակալությունը նկատում է, որ այս փոփոխություններն «ակնհայտորեն ուղղված են նախագահի առանց այդ էլ լայն լիազորությունների ընդլայնմանը»:
Սահմանադրական դատարանի դրական եզրակացությանն արժանանալու դեպքում փաստաթուղթը կդրվի հանրաքվեի: