Էքսցենտրիկ, սկանդալային, անկանխատեսելի: Արձագանքելով Մեծ Բրիտանիայի դիվանագիտական գերատեսչության ղեկավարի պաշտոնում Լոնդոնի նախկին քաղաքապետ Բորիս Ջոնսոնի նշանակմանը, Եվրոպական դիվանագետներն ու լրատվամիջոցներն այս բառերով են բնութագրել վերջինիս:
Միացյալ Թագավորության արտաքին քաղաքականության հարցերի նորանշանակ պատասխանատուն՝ 52-ամյա Բորիս Ջոնսոնը լավ հայտնի է իր ոչ դիվանագիտական բառապաշարով ու հայտարարություններով: Նա բազմիցս աչքի է ընկել արտասովոր պահվածքով, վիրավորական արտահայտություններ թույլ տալով աշխարհի տարբեր երկրների ղեկավարների հասցեին:
Նյու Յորքում ծնված բրիտանացի քաղաքական գործիչը, ում երակների մեջ նաև թուրքական արյուն է հոսում, վերջին 8 տարիներին Միացյալ Թագավորության մայրաքաղաքի ղեկավարն էր, նա համարվում է «Բրեքսիթ»-ի ամենաեռանդուն ջատագովներից մեկը: Վերլուծաբանները պատահական չեն համարում Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ-ից դուրս գալու աջակիցների հաղթանակը՝ դրանում որոշիչ համարելով հենց Ջոնսոնի աջակցությունն ու հեղինակությունը:
«Սկզբում քեզ ստիպում են հարկեր մուծել հունական ձիթապտղի այգիների համար, որոնցից շատերը պարզապես գոյություն չունեն: Հետո ասում են, թե չի կարելի ռեստորաններում հացը թաթախել ձիթապտղի յուղի մեջ: Եվ այսպես մեզ պարտադրում են սուբսիդիաներ տրամադրել, որպեսզի կարգադրեն՝ որտեղ, ինչպես և երբ պետք է ձիթապտղի յուղ ուտենք»: Ահա նաև այսպես էր Ջոնսոնը հիմնավորում Մեծ Բրիտանիայի՝ Եվրամիությունից դուրս գալու անհրաժեշտությունը:
Նրան արտգործնախարար նշանակելու փաստն անսպասելի ու շոկային էր հատկապես արևմտյան դիվանագիտական շրջանակների համար: Շվեդիայի նախկին վարչապետը Թվիթերում գրել է՝ «ուզում եմ հավատալ, որ դա կատակ է»: Ֆրանսիայի արտգործնախարարն էլ հայտարարել է՝ «այդ անձը խաբեբա է»:
Ջոնսոնի նկատմամբ հակասական վերաբերմունքը պատահական չէ. ամիսներ առաջ այս գործիչը որոշեց իր «ստեղծագործական տաղանդն» օգտագործել Մեծ Բրիտանիայի դաշնակից երկրներից մեկի՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին զայրացնելու համար:
Մինչ էրդողանը գերմանական կառավարությունից պահանջում էր պատժել իր մասին երգիծական հաղորդում պատրաստած լրագրողին, Բորիս Ջոնսոնը Լոնդոնում հաղթանակ տարավ թուրքական առաջնորդի մասին «ամենավիրավորական բանաստեղծության հեղինակ» անվանակարգում՝ արժանանալով 1000 ֆունտ ստերլինգ մրցանակի: Իր ստեղծագործության համար Ջոնսոնն ընտրել էր Մեծ Բրիտանիայում լայնորեն տարածված՝ լիմերիկ ժանրը: Հումորային հինգտողանի բանաստեղծության նպատակն անհեթեթ իրավիճակում հայտնված հերոսին ծաղրի ենթարկելն է: Բանաստեղծության տողերի համաձայն՝ հերոսը սեռական կապի մեջ է մտել այծի հետ:
ԱՄՆ-ի ղեկավար Բարաք Օբաման նույնպես Ջոնսոնի քննադատության թիրախում է հայտնվել: Այն բանից հետո, երբ օրերից մի օր պարզվեց, որ Ուինսթոն Չերչիլի կիսանդրին անհետացել է Սպիտակ տան օվալաձև սենյակից, Ջոնսոնը հայտարարեց՝ «Ոչ ոք վստահ չէ, թե ում ձեռքով է կիսանդրին անհետացել: Սակայն, կան ենթադրություններ, որ այդպիսով քենիական արմատներով ամերիկացի նախագահն իր ժառանգական թշնամանքն է արտահայտում բրիտանական կայսրությանը, որին Չերչիլը ջանասիրաբար պաշտպանում էր»:
Ջոնսոնը նաև հակադրվել է Արևմուտքում որդեգրված գերիշխող կեցվածքին ու գովեստի խոսքեր հնչեցրել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հասցեին, իր ձևակերպմամբ՝ ««Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ արդյունավետ պայքարի համար», չնայած հանգամանքին, որ Ջոնսոնի հայրենի կառավարությունը Ասադին մեղադրում է բազմաթիվ սիրիացիների սպանության մեջ:
«Այո, գիտեմ, Ասադը հրեշ է և բռնակալ, նա ռմբակոծում է սեփական ժողովրդին, նրա բանտերը լի են ընդդիմադիրներով, որոնց խոշտանգումների են ենթարկում, ահաբեկչության և բռնությունների օգնությամբ նրա ընտանիքը երկիրը կառավարում է արդեն մի քանի սերունդ: Սակայն, կա առնվազն երկու պատճառ, թե ինչու առողջ բանականությամբ մարդը պետք է ուրախանա Ասադի բանակի հաջողություններով»,- գրել է Ջոնսոնն ու թվարկել՝ «Իսլամական պետության» դեմ պայքարը և Պալմիրայի ազատագրումը:
Անցյալ տարվա դեկտեմբերին բրիտանական «Դեյլի Թելեգրաֆ» պարբերականում «Եկեք համագործակցենք հրեշի հետ» վերնագրի ներքո Ջոնսոնն առաջարկում էր շփումներ սկսել թե՛ Ասադի և թե՛ Կրեմլի ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից ազատվելու համար: «Սա է կարևորը, մնացածը երկրորդական հարցեր են»,- գրել է Լոնդոնի նախկին քաղաքապետը:
Կա մի անձ, որի հետ Ջոնսոնը ամենևին հանդիպելու ցանկություն չունի: Այդ անձը Դոնալդ Թրամփն է: «Միակ պատճառը, որն ինձ կստիպի չմեկնել Նյու Յորք, դա Թրամփի հետ հանդիպելու վտանգն է»,- ասել է Բորիս Ջոնսոնը: