Մատչելիության հղումներ

«Ոչ թե 100, այլ 200 տոկոսի վնաս ենք կրել»


Կարբիում գյուղացիները նարդի են խաղում, թեև աշխատանքի ամենաթեժ սեզոնն է․․․ նեղսրտած են՝ հուլիսի 10-ին տեղացած կարկուտը փչացրել է բերքը, վնասել ծառերը:

«Ոչ թե 100, այլ 200 տոկոսի վնաս ենք կրել», - ասում են գյուղացիները: - «76 տարեկան եմ՝ ըսենց բան առաջին անգամն եմ տեսնում: Ըտենց բան ես տեսել եմ 2010 թվին, բայց սրա հիսուն տոկոսով», - պատմում էր նրանցից մեկը:

Կարբիի ու Օհանավանի խնձորի այգիներում չվնասված ծառ դժվար է գտնել։ Ասում են՝ կարկուտն աննախադեպ է եղել։

Արդյոք անհրաժեշտություն չէ՞ գյուղատնտեսական ապահովագրությունը․ գյուղացիներն այս հարցում միակարծիք չեն, ասում են՝ անհրաժեշտ է, բայց «ոչ մի կարբեցի էլ չի անի, որովհետև սաղ բանկերում սկած են՝ տոկոսների տակ են»:

Ապահովագրական ընկերությունները ևս չեն շտապում գյուղատնտեսական ապահովագրություն առաջարկել։ Քանի դեռ հակակարկտային կայանները բավարար քանակի չեն, այգիները ցանցապատված չեն՝ կարկուտից պաշտպանվելու համար, ապահովագրությունն իրատեսական չէ։

«Ինգո Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Լևոն Ալթունյանը պարզաբանում է՝ անհրաժեշտ է հակակարկտային ազգային ծրագրի իրականացում, կարկտապաշտպան ցանցերի տեղադրում: Նա բերում է Վրաստանի փորձը, որտեղ կառավարությունը հատուցում է ապահովագրական պարգևի մոտ 70 տոկոսը, իսկ կարկտապաշտպան ցանցերի ձեռքբերման համար արտոնյալ վարկեր տրամադրում։

«Եթե մենք հաշվարկենք պետության տարեկան վնասը կարկտից, մենք կարող են հաշվարկել այն անտոկոս վարկի գումարը, որը կարելի է ուղղել այդ տարի ցանցի ձեռքբերման համար», - ասում է Ալթունյանը:

Գյուղացիները հակադարձում են՝ թանկ է․ - «Երեկ մեր մեծերը, մինիստրները եկան, բա՝ կարելի է ցանցապատել: Ի՞նչն եմ ցանցապատում հեկտարը: 20-30 հազար դոլար որտեղի՞ց: Կմահանամ՝ դրա բերքն էլ չեմ տեսնի»:

Կառավարությունը քննարկում է գյուղատնտեսական ապահովագրության հարցը․ գյուղատնտեսության փոխնախարար Արմեն Հարությունյանն ասում է՝ Գերմանական զարգացման բանկի հետ հաշվարկում են ցրտահարության, կարկտի և երաշտի դեպքում ապահովագրական ռիսկերը:

«Ես հուսով եմ, որ մենք արդեն որոշակի նյութեր կունենանք, որ կարող ենք ավելի մանրամասն քննարկել ապահովագրական կազմակերպությունների հետ: Հաշվարկների փուլում ենք այժմ գտնվում: Մենք պետք է հասկանանք ինքանով է դրա չափը, և դրանից հետո նոր որոշենք՝ արդյո՞ք պետությունը իրատեսական է տեսնում այդպիսի ձևաչափի կիրարկումը Հայաստանում», - նշում է Հարությունյանը:

Մինչ կառավարությունը քննարկում է ապահովագրութան հնարավոր ներդրումը, գյուղացիներն ակնկալում են արդեն կրած վնասները մեղմելու տարբերակներ։ Ասում են՝ կա՛մ կառավարության միջնորդությամբ վարկերը սառեցվեն, վնասները փոխհատուցվեն, կա՛մ էլ ժամանակավորապես հարկեր ու կոմունալ վճարներ չգանձեն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG