Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը ամերիկյան NBC News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և արտգործնախարար Սերգեյ Լավրովը երբեք իր հետ չեն քննարկել իշխանության փոխանցման հարցը:
«Նրանք երբեք չեն ասել և ոչ մի բառ այդ մասին»,- նշել է Ասադը: Սիրիայի նախագահի խոսքով՝ իրեն բոլորովին չեն մտահոգում լրատվամիջոցներում հայտնված տեղեկությունները, թե ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին իր մոսկովյան այցի ընթացքում կարող է Պուտինի հետ գործարք կնքել, որը Ասադին կստիպի հեռանալ:
Բաշար Ասադի համոզմամբ՝ Ռուսաստանի քաղաքականությունը հիմնված է ոչ թե գործարքների վրա, այլ՝ արժեքների, այդ իսկ պատճառով իրեն չի վախեցնում համաձայնությունը, որին կարող են հասնել Մոսկվան ու Վաշինգտոնը:
Ասադը Ռուսաստանի և Սիրիայի հարաբերությունները բնորոշել է բաց և ազնիվ: Նրա խոսքով՝ ինքը մշտապես կապի մեջ է Ռուսաստանի նախագահի հետ:
Արևմտյան երկրները պնդում են Սիրիայի իշխող ռեժիմի փոփոխության անհրաժեշտությունը: Պաշտոնական Վաշինգտոնի և դաշնակիցների կարծիքով, Ասադի հեռացումը կարևոր նախապայման է հրադադարի հաստատման և երկրում իրավիճակի կայունացման համար: