Մատչելիության հղումներ

Միակողմանի մատակարարումից կախվածության թուլացումը «բխում է պետականության շահից»


«Ցանկացած բան, որը մեր կախվածությունը թուլացնում է միակողմանի մատակարարումներից, բխում է հայկական պետականության շահից և հայ հասարակության շահից», - «Ազատության» հետ զրույցում ընդգծեց էներգետիկ հարցերով փորձագետ Արա Մարջանյանը:

Օրերս հայտնի դարձավ, որ առաջիկա մեկ ամսում Հայաստանը գազը կգնի Իրանից․ ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Վրաստանի տարածքում մայրուղային գազատարի վնասված հատվածներում վերականգնողական աշխատանքների իրականացման նպատակով հուլիսի 10-ից օգոստոսի 10-ը Ռուսաստանից Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է:

Հիշեցնենք, որ իրանական գազի գնման հարցը ժամանակ առ ժամանակ դառնում է սուր քննարկումների առարկա՝ այն համատեքստում, թե ինչու է Հայաստանը գազ գնում միայն Ռուսաստանից:

Ընդգծելով միակողմանի մատակարարումներից կախվածության թուլացման անհրաժեշտությունը՝ Մարջանյանը շարունակեց․ - «Այլ խնդիր, թե քաղաքական գործիչները ինչ գին կսահմանեն դրա դեմ: Օրինակ, գիտեք, վարկած կա, որ 2009 թվականից սկսած մեզ բավական հստակ առաջարկներ էին արվում՝ կապված եվրասիական ինտեգրման պրոցեսների հետ: Այդ ժամանակ Հայաստանը ասաց՝ «ոչ, ես կվարեմ կոմպլեմենտար քաղաքականություն, մենք սահման չունենք Եվրասիական միության հետ, և, ուրեմն, այլ հանգամանքներով այդ սցենարը մեզ այնքան էլ ձեռնտու չէ»: Ինչ ունեցանք արդյունքում՝ բավական կոշտացավ Ռուսաստանի դիրքորոշումը, և մենք բախվեցինք մի շարք լրջագույն խնդիրների»:

«Ուզում եմ ասել՝ այստեղ նաև պետք է գնահատել, թե ամեն կողմն ինչ գին կարող է ուզել այս կամ այն սցենարի դեպքում», - նշեց փորձագետը:

Հարցին՝ «այս վերանորոգումը՝ մեկ ամսվա, կարո՞ղ է, ամեն դեպքում, նաև պատճառ, առիթ հանդիսանալ, որ Հայաստանը իրոք սկսի դիվերսիֆիկացումը», Արա Մարջանյանը արձագանքեց․ - «Աստված Ձեր հարցը լսի և մեր պաշտոնյաների և կառավարության ուշադրությունը բևեռի, այո: Այս ուղղությամբ, Աստված տա՝ սա լինի այն վերջին կաթիլը, որը վերջապես մեզ կստիպի հասկանալ կրիտիկական ինֆրաստրուկտուրայի կարևորությունը Հայաստանի համար»:

«Չի կարող գոյատևել մի երկիր, որը կախված լինի, օրինակ, ենթադրենք՝ Վերին Լարսում սողանք է եղել, ճանապարհը փակվել է, և ամբողջ գյուղատնտեսական մթերքը չես կարող արտահանել հարևան շուկաները: Չի կարող այդպիսի մի բան պատահել, որ ինչ-որ պրոբլեմ է ծագել գազատարի վրա՝ ամբողջ երկիրը կանգնի լուրջ ճգնաժամի առաջ», - շեշտեց էներգետիկ հարցերով փորձագետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG