Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր «Ոսկե Ծիրան» փառատոնի շրջանակներում Մայր Աթոռի սահմանած «Եղիցի լույս» մրցանակը հանձնվեց կինոռեիսոր Ռոման Բալայանին՝ «համաշխարհային կինոարվեստում ունեցած ավանդի և հոգևոր, մարդասիրական արժեքների քարոզչության համար»:
«Ոսկե Ծիրան» միջազգային 13-րդ կինոթառատոնի շրջանակներում այսօր մեկնարկեց «Լեհական կինոյի օր» ծրագիրը, սկսվեց նաև ֆրանսիական կինոյի լավագույն դերասանուհիներից Ժակլին Բիսեթի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը:
Բիսեթը, ի դեպ, Հայաստանում է, և վաղը նախատեսված է նրա հանդիպումը լրագրողների հետ:
Կեսօրից հետո վարպետության դաս անցկացրեց ռուս կինոռեժիսոր Վիտալի Մանսիկին:
Լրագրողների հետ հանդիպման այսօր եկել էր վրաց կինոռեժիսոր Նինո Բասիլիան: Փառատոնի միջազգային խաղարկային մրցութային ծրագրում ընդգրկված է նրա «Աննայի կյանքը» գեղարվեստական ֆիլմը:
«Մի նոր սերունդ է եկել վրացական կինո, որը, մի կողմից, զարգացնում է մեր իմացած լավ վրացական կինոյի ավանդույթները, մյուս կողմից, իր ասելիքն է հետը բերում: Երբ դիտում ենք այս նոր սերնդի ռեժիսորների ֆիլմերը, մենք զգում ենք, թե ինչ է կատարվում այդ երկրում, ինչպես են ապրում այդ մարդիկ, զգում ենք ժամանակի ներվը Վրաստանի», - ասաց «Ոսկե Ծիրանի» ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը:
Մասնագիտությամբ նաև բանասեր Նինո Բասիլիան ասաց, որ սա իր առաջին գեղարվեստական լիամետրաժ ֆիլմն է, դրանից առաջ շուրջ տասը տարի աշխատել է վավերագրական կինոյի բնագավառում․ - «Վրաստանում շատ դժվար է ֆիլմ նկարահանել, պարզապես իմ բախտը բերեց: Այս ֆիլմի սցենարը առաջին մրցանակ շահեց Վրաստանի ազգային կինոկենտրոնի սահմանած մրցույթում, ֆինանսավորվեց և նկարահանվեց»:
Երիտասարդ միայնակ կնոջ մասին պատմող այս ֆիլմը կինոեռագրության առաջին մասն է և արդեն հասցրել է մասնակցել մի շարք միջազգային կինոփառատոների, բայց Վրաստանում դեռևս չի ցուցադրվել, կցուցադրվի նոյեմբերին կայանալիք վրացական միջազգային կինոփառատոնի օրերին:
Երեկ երեկոյան «Ոսկե Ծիրանի» «Հայկական համայնապատկեր» ծրագրի շրջանակում տեղի ունեցավ Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմի պրեմիերան․ ֆիլմ, որը, ինչպես ռեժիսորի նախորդ ֆիլմերը, Ղարաբաղի պատերազմի մասին է և, Ավետիսյանի խոսքով, որոշակի ուղերձ է ոչ միայն երկու երկրների ժողովուրդներին, այլև ողջ մարդկությանը․ - «Շատ կարևոր մի բան՝ պետք է մարդ մնալ ցանկացած պարագայում: Եթե հիշում եք, ծնունդի պահ կար, որ պետք է հայ քրիստոնյա ծնունդը ընդունի․․․ Ամեն դեպքում ինչ-որ մի տեղ, ինչ-որ մի հարթությունում ձեր տիպը շարունակելու համար, արդբեջանցինե՛ր, դուք հայի, քրիստոնյայի կարիք ունեք: Շատ կարևոր շերտեր կան ֆիլմում, որ, ցավոք, դրա մասին մարդիկ չեն խոսում․․․ Պարզվում ա, Իբրահիմը փորձում ա հայ աղջկան փրկի-բերի՝ նրա համար, որպեսզի իր աղջկա ծնունդը, ըստ ադաթի, պետք ա հայ ընդունի, հայի անուն դնի, որ երեխան ապրի: Այսինքն, ինչ-որ մի տեղ որքան էլ որ սաֆարովներ եք ծնում, դուք կարիք ունեք դիմացինի․․․ Ավելին ի՞նչ քարոզես էս աշխարհում»: