Մատչելիության հղումներ

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի ղեկավարությունն ընդլայնվել է


Ջեքի Սփայերը (աջից) և Միացյալ Նահանգների՝ հայկական արմատներ ունեցող մյուս կոնգրեսական Էննա Էշուն, արխիվ
Ջեքի Սփայերը (աջից) և Միացյալ Նահանգների՝ հայկական արմատներ ունեցող մյուս կոնգրեսական Էննա Էշուն, արխիվ

Միացյալ Նահանգների Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի նոր համանախագահներ են դարձել դեմոկրատ Ջեքի Սփայերը և հանրապետական Դեյվիդ Վալադաոն, երկուսն էլ՝ ընտրված Կալիֆորնիա նահանգից: Ինչպես հաղորդում է Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակը, երկու կոնգրեսականները կմիանան ներկայիս համանախագահներ՝ դեմոկրատ Ֆրենք Փալոնին՝ Նյու Ջերսիից, և հանրապետական Ռոբերտ Դոլդին՝ Իլինոյսից: Նաև հանձնախմբի փոխնախագահներ են դարձել դեմոկրատ Ադամ Շիֆը՝ Կալիֆորնիայից, և Դեյվիդ Թրոթը՝ Միչիգանից:

Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը ողջունել է հանձնախմբի ընդլայնումը, շնորհակալություն հայտնելով կոնգրեսականներ Դոլդին և Փալոնին և նշելով, որ սպասում է համագործակցությանը նոր համանախագահների հետ՝ «հայ ժողովրդի ամերիկացի բարեկամների համար հատուկ հետաքրքրություն ներկայացնող օրենսդրությունը և այլ առաջնահերթությունները առաջ մղելու՝ հանձնախմբի աշխատանքին աջակցելու համար»:

Ֆրենք Փալոնը և Ռոբերտ Դոլդը հանձնախմբի ղեկավարության ընդլայնման մասին հայտարարել են երեքշաբթի օրը:

Հայ դատի գրասենյակը հիշեցնում է, մասնավորապես, որ Ջեքի Սփայերը Միացյալ Նահանգների՝ հայկական արմատներ ունեցող կոնգրեսականներից մեկն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG