Պաշտոնական տվյալների համաձայն, գերմանական բանտերում կալանավորների 10 տոկոսը ծագումով Ռուսաստանից և նախկին ԽՍՀՄ-ի մյուս երկրներից են․ խոսքն ընդհանուր առմամբ հինգ հարյուր հոգու մասին է:
Այս տվյալները գերմանական Welt Am Sonntag պարբերականի հետ զրույցում հրապարակել է Քրեական գործերով դաշնային գերատեսչության ղեկավարը:
Նախկին ԽՍՀՄ երկրների ներկայացուցիչների կազմավորված հանցախմբերի գործունեությունը Գերմանիայում բուռն քննարկումների թեմա դարձավ վերջին մեկ տարում: Գերմանացի իրավապահների ուսումնասիրության արդյունքում պարզվեց, որ միայն 2015 թվականին երկրում կատարվել է 167 հազար բնակարանային գողություն, որոնց մեծ մասը՝ վրացիների կողմից:
Ներկայացնելով Վրաստանում քրեածին իրավիճակը՝ գերմանացի պաշտոնյան նշում է, որ վրացիներից կազմված հանցավոր խմբավորումները միայն 2015 թվականին մոտ կես միլիարդ եվրոյի վնաս են պատճառել:
Վրացիներից կազմված հանցավոր խմբավորումները, ըստ գերմանացի իրավապահների, շատ ակտիվ են նաև Եվրամիության մյուս երկրներում:
Վրաց կողոպտիչների մեծամասնությունը Գերմանիա մուտք է գործում փախստականի կարգավիճակով: Իրավապահները պնդում են, որ Վրաստանում մաֆիան նպատակաուղղված հավաքում է հանցագործներին և ուղարկում Գերմանիա:
Այս պատկերը Վրաստանի համար ազգային մակարդակի խնդրի վերածվեց այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ Գերմանիան այն երկրների թվում է, որոնք դեմ են հանդես գալիս Վրաստանի քաղաքացիների համար Եվրամիության հետ ազատ վիզայի ռեժիմի սահմանմանը:
Պաշտոնական Բեռլինը պնդում է, որ Վրաստանում իշխող կոալիցիան բավարար քայլեր չի ձեռնարկել՝ կանխելու մաֆիայի և քրեական կազմակերպությունների հոսքը դեպի Եվրոպա:
Վրաստանի կառավարությունը, մինչդեռ, համարում է, որ խնդիրը չափազանցված է․ ըստ պաշտոնական Թբիլիսիi, վրաց հանցավոր խմբավորումների մասին հաճախակի դարձած խոսակցություններն ընդամենը ծխածածկույթ է այլ խնդիրներից գերմանացիների ուշադրությունը շեղելու համար: