Մատչելիության հղումներ

Բագրատյան․ «Հայաստանը գնում է դեպի սնանկացում»


ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը «Ազատության» ստուդիայում, արխիվ:
ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը «Ազատության» ստուդիայում, արխիվ:

«4-5 տարուց Հայաստանը կհայտնվի Հունաստանի կարգավիճակում՝ սնանկացման եզրին, չի կարողանա մարել իր պետական պարտքը, որովհետև նախորդ տարիներին երկրի պարտքը աճել է անգամներով, մինչդեռ տնտեսությունը դոփում է տեղում», - «Ազատության» հետ զրույցում մտահոգություն հայտնեց Ազգային ժողովի պատգամավոր Հրանտ Բագրատյանը:

Բագրատյանը, ով 1990-ական թվականներին երկու անգամ զբաղեցրել է վարչապետի պաշտոնը, ընդգծեց՝ իշխանությունները տնտեսության ռազմավարական զարգացման որևէ ծրագիր չունեն:

Փաստարկելով, թե ինչու երկիրը չի կարողանա մարել արտաքին պարտքը՝ Բագրատյանն ասաց․ - «Որովհետև պարտքի սպասարկումը արդեն 2020-25 թվին հասնում է մի միլիարդ, հետո մեկուկես միլիարդ դոլար տարեկան, այսօրվա 500 միլիոն դոլարից: Եվ տնտեսությունը չի հասցնի, որովհետև երկրի պարտքը մոտավորապես վերջին 8 տարում մեկուկես միլիարդից դառել ա 5 միլիարդ, 3.5-ով ավելացել ա, բայց ՀՆԱ-ն, որից պիտի հարկ գա ու որից պիտի վճարվի այդ պարտքը, մնացել ա նույն 11 միլիարդի վրա»:

Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության և Ֆինանսների նախարարության տվյալներով, եթե 2008 թվականին՝ տնտեսական ճգնաժամից առաջ, երկրի համախառն ներքին արդյունքը կազմում էր 11.9 միլիարդ դոլար, իսկ պետական պարտքը՝ 1.9 միլիարդ էր, ապա 2015-ին ՀՆԱ-ն ավելի քիչ էր՝ 10.5 միլիարդ դոլար, մինչդեռ պետական պարտքը ավելացել էր 2.6 անգամ և անցել 5 միլիարդ դոլարի սահմանագիծը:

Ըստ ֆինանսների նախարարության, այս տարվա առաջին վեց ամիսներին Հայաստանի պետական պարտքը ավելացել է 266 միլիոն դոլարով և հունիսի 30-ի դրությամբ կազմում էր 5 միլիարդ 343 միլիոն դոլար:

Հայաստանի այսօրվա իշխանությունների նպատակը, ըստ նախկին վարչապետի, այն է, որ «մեզ գոլ չխփեն, մեր գոլ խփելու մասին խոսք չկա»:

Նա համաձայնեց դիտարկմանը, որ այդպես երկիրը չի զարգանում, շարունակում է արտագաղթը․ - «Ոչ թե շարունակվում ա, այլ արտագաղթի տեմպերը նույնիսկ աճում են: Մենք, մտնելով Եվրասիական տնտեսական միություն 2015-ին, ունեցանք աննախադեպ արտագաղթի դեպքերից մեկը վերջին 25-30 տարում»:

Հարցին, թե ինչու իշխանությունները չեն կարողանում տնտեսական աճի խոշոր ռազմավարական ծրագրեր մշակել և իրականացնել, Բագրատյանն արձագանքեց․ - «Իրանք պիտի դուրս գան․․․ Հետագա խոշոր տնտեսական աճը ոչ միայն ինչ-որ ոլորտների մեջ աճ պիտի լինի․ բիզնես էլիտաների փոփոխություն պիտի լինի: Իրանք կապված են այդ բիզնես էլիտաների հետ: Ե՛վ բիզնես էլիտաների, և՛ քաղաքական, սոցիալական էլիտաների փոփոխություն պիտի լինի»:

Նախկին վարչապետը պնդեց, որ այսօրվա այդ էլիտաներին տնտեսական աճը շահավետ չէ․ - «Ոորվհետև իրանք հասել են մի սահմանային հնարավորության․․․ բիզնեսում էդպես է, երբ բիզնեսը սկսում ես, դա տևում է 5-7 տարի, դու սպառում ես քեզ 7 տարի հետո: Քո իդեաներով, քո տեխնոլոգիաներով 7-8 տարի հետո, մաքսիմում 10 տարի հետո դու հին ես»:

Հարցին՝ արդյո՞ք Հայաստանի տնտեսական աճը սպառնալիք է գործող էլիտաներին, Բագրատյանն արձագանքեց․ - «Գուցեև սպառնալիք է․․․ Իրենք պետք է կառավարեն այնպես, ինչպես իրենց հարմար է կառավարել: Ինքը չի կարող կանչել իր ընկերներին, շրջապատին, որով գալիս են իշխանության, որով կազմակերպում են այս ընտրությունները, ասել՝ պիտի հեռանաք: Նրան ասելու են՝ հո դու գիժ չես, էսքան փող դրեցինք: Մեզ մոտ քաղաքականությունն էլ է մեծ բիզնես»:

Անդրադառնալով մենաշնորհների դեմ պայքարելու իշխանության հերթական նախաձեռնությանը՝ Հրանտ Բագրատյանը հայտարարեց, որ Հայաստանում այսօր էլ առանց որևէ խոչընդոտի շարունակում են գործել գրեթե բոլոր մենաշնորհները․ - «Վերջին հաշվով, տնտեսական մոնոպոլիաների այդ խոշոր կլանային համակարգը առայժմ մնում է իշխանության հիմքը: Ես չեմ ասում, թե իշխանությունը սկսած վերևից մինչև ներքև կապված է այդ մոնոպոլիաների գաղափարի հետ, բայց հենց այդ մոնոպոլիաներն են ծնում երկու տեսակի փող․ փող, որի մի մասը գնում է բյուջե, փող, որի մի մասը չի գնում բյուջե, բայց որի մի զգալի հատվածը տրամադրվում է իշխանության քաղաքական կյանքը երկարացնելու համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG