Չնայած այն իրողությանը, որ ՆԱՏՕ-ի վարշավյան համաժողովում Վրաստանն այդպես էլ որևէ շոշափելի արդյունք չունեցավ, երկրի ղեկավարները հյուսիսատլանտյան դաշինքի հերթական գագաթնաժողովից ընդհանուր առմամբ գոհ են:
«Ես վստահ եմ, որ աշխարհն ու տարածաշրջանը, ներառյալ Վրաստանը, այս համաժողովից հետո ավելի անվտանգ են»,- այս մասին «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայության հետ հարցազրույցում ասել է Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին: Նրա խոսքով, թեև վարշավյան համաժողովի ընթացքում Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում այդպես էլ որևէ հստակություն չմտավ, այդուհանդերձ, որոշակի հաջողություններ առկա են:
«Մենք հաջողության հասանք մեր երկրի պաշտպանունակությանն ուղղված միջոցների ուժեղացման հարցում, մենք հաջողությամբ կարողացանք հատուկ քննարկում նախաձեռնել՝ նվիրված սևծովյան ավազանում անվտանգության խնդիրներին: Մենք կարողացանք նաև հաջողությամբ շատ հստակ մի տեսլական ձևավորել, որը վերաբերում է թե՛ համշխարհային անվտանգությանը, թե՛ մեր դերակատարությանը Աֆղանստանում՝ միտված այդ երկրում կայունության պահպանմանը»,- նշել է Մարգվելաշվիլին:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի խոսքով էլ, Վրաստանի՝ հյուսիսատլանտյան դաշիքնին անդամակցության հարցը շարունակում է մնալ օրակարգում: «Մեր ջանքերն ուղղված են Վրաստանի պաշտպանունակության բարձրացմանը, մենք օգնում ենք այդ երկրին՝ անդամակցության ճանապարհին առաջընթաց արձանագրելու հարցում, մենք ճանաչում ենք Վրաստանի կողմից արդեն իսկ արձանագրված առաջընթացը և համաժողովի ամփոփիչ հայտարարության մեջ հստակորեն արձանագրել ենք, որ հավատարիմ ենք Բուխարեստի համաժողովում կայացված որոշումներին»,- հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղարը:
Վրաստանի հետ հարաբերություններին բավական հպանցիկ կերպով անդրադարձել է նաև Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման: Նա այդ մասին խոսել է շաբաթ օրը՝ վարշավյան գագաթնաժողովի ամփոփիչ մամլո ասուլիսի ժամանակ: «Մենք ավելին կանենք Հյուսիսային Աֆրիկայի, Մերձավոր Արևելքի և Վրաստանի մեր գործընկերների պաշտպանական կարողություններն ամրապնդելու համար»,- ասուլիսին հայտարարել է Օբաման: